ՌԴ նախագահի մամլո խոսնակի հարցազրույցը՝ ԳԱԼԱ-ին. «Կլինի դատավարություն ՌԴ օրենքներով»

700pe

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, հետագա զարգացումների, սպանության գործով մեղադրյալ զինվորականի հետագա դատավարության շուրջ ՌԴ իշխանությունների դիրքորոշման եւ այլ հարցերի մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

-Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի  ընթացքում Վ. Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կկատարվեն սեղմ ժամկետներում  և մեղավորները օրենքով նախատեսված պատիժ կստանան: Խնդրում եմ պարզաբանել, որ երկրի օրենքի մասին է խոսում ՌԴ նախագահ Վ. Պուտինը:

Պեսկով. Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է:

- Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը  ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել սպանվածների հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Խնդրում եմ հստակեցնել, ե՞րբ է Վ. Պուտինը առաջին անգամ իր ցավակցությունը հայտնել հայ  ժողովրդին:

Պեսկով. Հենց հանցագործության օրը, ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը և Պաշտպանության նախարար Ս. Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել իրենց հայ կոլեգաների հետ և նրանք ՌԴ ամբողջ ղեկավար կազմի անունից՝ այդ թվում և Վլադիմիր Պուտինի, իրենց ցավակցությունն են հայտնել հայ գործընկերներին և ամբողջ հայ ժողովրդին:

- Խնդրում եմ մեկնաբանել՝ քննարկվել են արդյո՞ք հեռախոսազրույցի ընթացքում Գյումրիում  և Երևանում կայացած բողոքի ակցիաները, մասնավորապես, մասսայական սպանության գործով կասկածյալ ՌԴ բանակի զինծառայող Վ.Պերմյակովին հայկական իրավապահ մարմիններին հանձնելու մասին ցուցարարների պահանջը:

Պեսկով. Ես ստույգ չեմ կարող պատասխանել այս հարցին, քանի որ չեմ տիրապետում տեղեկատվությանն ամբողջապես, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բողոքի ակցիաներ կարող են քննարկվել հեռախոսազրույցի ընթացքում:

- Բայց բողոքի ակցիաները շատ հուժկու էին:

Պեսկով. Ակցիաներն  իսկապես շատ մեծ էին, բայց այս դեպքում դրանք նախագահների քննարկման թեմա չեն դարձել, ահա թե ինչումն է խնդիրը:

- Այդ բողոքի ակցիաները և հնարավոր հակառուսական տրամադրությունները կարո՞ղ են վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները:

Պեսկով. Իսկապես կատարվել է ահավոր ողբերգություն, դա համընդհանուր ողբերգություն է՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար: Ռուսաստանում ևս բոլորը սգում են սպանության հետ կապված: Այն, որ փորձում են ողբերգությունը քաղաքականացնել և օգտագործել որպես հակառուսական տրամադրություններ սերմանելու գործիք, մենք դա գիտենք, սակայն մեր հույսը հայ ժողովրդի իմաստնությունն է, որը իր պատմության ընթացքում շատ բան է տեսել, և որը գիտի, թե որքան մոտ են մեր երկրներն ու երկու ժողովուրդները: Այդ պատճառով մենք ուզում ենք հավատալ, որ դա բացասական ազդեցություն չի ունենա մեր հարաբերությունների վրա, առավել ևս, որ այս օրերին նոր էջ է բացվում  մեր համագործակցության պատմության մեջ, ի նկատի ունեմ Հայաստանի անդամագրումը Եվրասիական Տնտեսական Միությանը:

-Ուզում եմ նշել, որ ցուցարարների շրջանում հակառուսական մասսայական տրամադրություններ դեռ չկան, բայց քանի որ ՌԴ կողմը հրաժարվում է հանձնել Վ.Պերմյակովին հայկական իրավասու մարմիններին, հակառուսական տրամադրություններ միգուցե առաջանան:

Պեսկով. Ես հասկանում եմ, դա զինվորի հանձնման խնդիրն է: Այստեղ կարող եմ ասել միայն այն, որ հիմա քննչական դատավարական գործողությունները դեռ ընթացքի մեջ են, ընդ որում համատեղ, սխալ կլինի այս առումով ինչ-որ բան ասել: Եկեք սպասենք գործողությունների և դատավարության ավարտին և հետո նոր կխոսենք այդ մասին: Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել:

-Դուք հայկակա՞ն, թե այնուամենայնիվ, ռուսաստանյան դատավարությունը նկատի ունեք:

Պեսկով. Ոչ, ես արդեն ասեցի, ռուսական դատավարությունը:

-Այսինքն՝ դուք գտնում եք, որ ամբողջ դատավարական գործընթացը պետք է ընթանա  ՌԴ օրենքներո՞վ:

Պեսկով. Այո, այո, ես այդ մասին հենց սկզբում նշեցի:

-Վ.Պերմյակովի հանձնման հարցը նախագահները չե՞ն քննարկել:

Պեսկով. Ես չեմ կարող դա ասել, այդ մասին տեղեկատվություն չունեմ:

Գոռ Ալեքսանյան

ԳԱԼԱ Հ/Ը,  ք. Մոսկվա



Դիտվել է՝