Սերժ Սարգսյանի «ընտանեկան կլանը»

1358523962,5879

Հայաստանում գոյություն ունի երկու իրականություն՝ մեկը վիրտուալ, որը ներկայացնում են իշխանությունները, մյուսը՝ բուն իրականությունը, որը էականորեն տարբերվում է առաջինից:

ՀՀ ոստիկանության պահվածքն ու գործունեությունը այն ինդիկատորն է, որը պարզորոշ ցույց է տալիս այդ երկու իրականությունների տարբերությունները: Տևական ժամանակ է, ինչ ոստիկանությունը՝ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, բոլոր հնարավոր միջոցներով, ռեսուրսներ չխնայելով փորձում է հասարակությանը ցույց տալ, թե ինչպիսի երկրաչափական պրոգրեսիայով դրական էվոլյուցիայի է ենթարկվում ոստիկանությունը. նոր համազգեստներ, սրտաճմլիկ սոցիալական տեսանյութեր, ամպագոռգոռ հայտարարություններ ոստիկանության «հրեշտակային» կերպարի մասին:

Սակայն իրական կյանքում ոստիկանության վերաբերմունքը օրենքի և օրինականության նկատմամբ էականորեն տարբերվում է վերոհիշյալ քարոզներից և հայտարարություններից:

Մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, որ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահները, հասարակական կարգը խախտելով, ծեծկռտուք են կազմակերպել Երևանում: Բնականաբար, ոստիկանությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկատվությունը: Սակայն որքանո՞վ կարելի է հավատալ մի գերատեսչության, որի պահվածքը մի շարք աղմկահարույց դեպքերի հետ կապված առնվազն տարակուսանք է հարուցում: Դեռևս թարմ են հիշողությունները առ այն, թե ինչպես ամեն ինչ արվեց, որ խլացվի և մոռացության մատնվի Սերժ Սարգսյանի եղբորորդու մասնակցությամբ հրազենի օգտագործմամբ վիճաբանությունը: Ոստիկանությունն այս իրավիճակում ոչ թե հանցագործություն բացահայտողի, այլ կոծկողի տպավորություն է թողնում: Եթե ինչ-որ մի միջադեպի հետ կապված շրջանառվում է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի անունը, ոստիկանապետ Գասպարյանը գործում է ոչ թե ՀՀ օրենքների, այլ կլանային օրենքների շրջանակներում: Հենց կլանային մտածողության պատճառով Վլադիմիր Գասպարյանը պարզապես չի կարող օրենքի շրջանակներում օբյեկտիվ հետաքննել իր թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

Հենց այդպիսի մտածողության արդյունքում է, որ ոստիկանությունը անուշադրության է մատնում Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի այն հայտարարությունը, համաձայն որի՝ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը իրեն դաժան ծեծի է ենթարկել: Հիմնավորված և փաստաթղթավորված բացատրությամբ հանդես գալու փոխարեն ոստիկանությունը բավարարվում է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի արդարացող հարցազրույցով, որտեղ նա նախ դժգոհում է, որ ըստ էության հանցագործության մասին հայտարարության վերաբերյալ իրեն հարցեր են տալիս, այնուհետև հերքում իրեն ներկայացվող մեղադրանքը: Եթե Վլադիմիր Գասպարյանի մերձավոր Կարեն Բաբակեխյանի փոխարեն ինչ-որ մի օպեր լիներ՝ առանց «տանիքի», ապա կարելի է չկասկածել, որ բոլորովին այլ զարգացումներ կլինեին՝ ոստիկանության «հրեշտակային» կերպարը ամբողջացնելու համար:

Այսպիսի դեպքերը պատկերացում են տալիս գործող վարչակարգի բնույթի և էության մասին: Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող պետության ռեսուրսներն օգտագործվում են Սերժ Սարգսյանի «ընտանեկան կլանի» հարատևությունն ու անվտանգությունը ապահովելու համար: Այս պարագայում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարզապես «ընտանեկան կլանի», այսպես ասած, «թիկնազորի պետն» է, որին կոնկրետ արտոնությունների դիմաց տրված են կոնկրետ հանձնարարականներ՝ պաշտպանել օրենքն ու օրինականությունը այնքան, քանի դա չի վնասում կլանի շահերը:

Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը երկիրը կառավարում էր իր «ցեղային» կլանի միջոցով, Սերժ Սարգսյանը իշխանությունն իրացնում է «ընտանեկան կլանի» միջոցով, որի շրջանակները աննախադեպ նեղ են, իսկ ազդեցությունն իշխանական բուրգի վրա՝ հսկայական: Սերժ Սարգսյանից

հետո« ընտանեկան կլանի» ազդեցիկ դեմքերն են փեսա Միքայել Մինասյանը և եղբայր Սաշիկ Սարգսյանը: Պետական համակարգը և լրատվամիջոցների մի ստվար հատվածը ապահովում է «ընտանեկան կլանի» անձեռնմխելիությունը: Եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մաքրում է հանցագործության հետքերը, ապա փեսա Միքայել Մինասյանը հսկայական ֆինանսական ռեսուրսների հաշվին իր կողմից վերահսկվող լրատվամիջոցներով արգելափակում է «ընտանեկան կլանի» քաջագործությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը հանրության լայն շերտերին:

Երբ ֆիքսությունն ու բուտաֆորիան պետական գործիչների, չինովնիկների և նրանց ընտանիքի անդամների համար դառնում է գործելաոճի փիլիսոփայությունը, պետական համակարգի և հասարակության միջև չհասկացվածության պատն է՛լ ավելի է հաստանում և ամրանում: Վտանգավոր այս երևույթը քաղաքացիների մոտ ձևավորում է մի գիտակցություն, ըստ որի՝ պետությունը պատկանում է ոչ թե իրենց, այլ պետությունը կերակրատաշտ համարող բարձրաստիճան չինովնիկներին ու նրանց ընտանիքի անդամներին: Այս մտածողությունը հանգեցնում է պետականության հասկացության որակազրկմանն ու դեգրադացիային:

 

Դերենիկ Մալխասյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>