Ապրիլի 9-ից հետո ձգվող ամեն մի օրը Ս. Սարգսյանի համար իշխանությունը կորցնելու պոտենցիալ վտանգ է պարունակում

serj sargsjan

Ապրիլի 9-ին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և փաստացի նա կզրկվի իշխանական լծակներից, ԱԺ եվրոպական ինտեգրացիայի և արտաքին հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում քննարկման կդրվի Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Իսկ ապրիլի 10-ից հարցը կքննարկվի մեկնարկող ԱԺ նիստերի քառօրյայում: Պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն է ժամկետի ընտրությունը:

Հնարավոր չէ՞ր արդյոք ավելի վաղ վավերացնել համաձայնագիրը: Իհարկե հնարավոր էր: Սակայն կառավարությունը միայն մարտի 22-ի նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին և այն ներկայացրեց Ազգային ժողովի դատին, որպեսզի համաձայնագրի վավերացման գործընթացի մեկնարկը տալով հենց ապրիլի 9-ից հետո՝ իշխող վարչախումբը մի քանի խնդիր փորձի լուծել:

Նախ և առաջ սա Եվրամիությանը սեփական դաշտում պահելու խորամանկ քայլ է: Սերժ Սարգսյանի 7-օրյա անիշխանության օրերին, երբ հնարավոր հասարակական ընդվզման գեներացիա տեղի ունենա, իշխանություններին անհրաժեշտ է, որ ԵՄ-ն շարունակի լռել, ճիշտ այնպես, ինչպես Բրյուսելում 2017-ի նոյեմբերին համաձայնագրի ստորագրումից հետո է աչք փակել բազմաթիվ արատավոր երևույթների վրա՝ այդպիսով ըստ էության հավանություն տալով Սարգսյանի հակաժողովրդավարական քայլերին:

Նրան ձեռնտու է, որ ԵՄ պատվիրակությունը շարունակի բացակա կեցվածքով հետևել այդ օրերի իրադարձությունների զարգացմանը: Արվել է այնպես, որ ապրիլի 9-ից Եվրամիության ուշադրության կենտրոնում լինի ոչ թե փողոցը, պայքարի այն օջախները, որոնք առաջացել են այս ընթացքում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, այլ խորհրդարանը, որտեղ պետք է հետևի նախագծի ճակատագրին, և երբ հանկարծ իրադարձությունները զարգանան այնպես, որ փողոցում հասունանա դիմակայություն, Եվրամիությունը շահագրգիռ լինի Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ավարտին հասցնել, համաձայնագրի վավերացման գործընթացը եզրափակելու համար:

Ցանկացած մեկը, ով առնչվել է Սարգսյանի հետ, այդ թվում եվրոպացի չինովնիկները, լավ գիտեն, թե ինչ կարող է արժենալ փոփոխական վարքագիծ ունեցող մարդու հետ աշխատելը, ով հարուստ փորձ ունի խոստումը դրժելու, մասնավորապես, մի քանի տարվա բանակցային գործընթաց է տապալել մեկ գիշերում:

Իշխանական մամուլն արդեն ակնարկել է, որ երբ ապրիլի 9-ին տեղի կունենա Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, «վտանգ կա», որ հանկարծ «գինովցած» պատգամավորները ցանկություն չհայտնեն մասնակցել եվրոպական ինտեգրացիայի և արտաքին հարցերի հանձնաժողովի համատեղ նիստին: Պարզ ասած՝ Սարգսյանը շարունակում է մանևրել ու խաղալ իր անվստահելի լինելու «լարերի վրա»:

Ապրիլի 9-ին համաձայնագրի վավերացման գործընթացը նախաձեռնելով՝ նա միևնույն ժամանակ ջրի երես է դուրս բերում իր անհանգստությունները՝ կապված այդ 7 օրերի հետ: Չվստահելով սեփական թիմին, հասկանալով, որ բուրգը կարող է անկանխատեսելի զարգացումների արդյունքում փլուզվել, Սերժ Սարգսյանն իր 7-օրյա անիշխանության առնվազն երեք օրերի հույսը կապել է Եվրամիության հետ՝ կառույցին իր խաղի մեջ ներքաշելու մանևրով:

Հավանաբար Սարգսյանը հաշվարկել է, որ Եվրոպան կխաղա այդ խաղն իր հետ միասին, քանի դեռ խորհրդարանը փաստաթղթի վավերացմամբ չի ամբողջացրել կիսատ մնացած գործընթացը: Նա փորձեց նաև այդ խաղի մեջ ներքաշել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին: Եղան կասկածներ, որ ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը կազմակերպված է եղել: Ռիչարդ Միլսին ընդամենը մեկ հարց է ուղվել, թե արդյոք Արևմուտքն աջակցում է զինված խմբավորումներին, որին ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է. «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին»:

Սարգսյանն այս հնարքներով իբրև թե փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ «կտրել-կապել է», իսկ իրականում ջանքեր է գործադրում իր անհանգստությունը թաքցնելու համար: Այս հնարքները ցույց են տալիս, որ ապրիլի 9-ից հետո ձգվող ամեն մի օրը Սերժ Սարգսյանի համար իշխանությունը կորցնելու պոտենցիալ վտանգ է պարունակում, որովհետև Սարգսյանն իր վարչախմբի հետ միասին քաջ գիտակցում է, որ «կտրած-կապած» թնջուկները հանգուցալուծող եզակի գործոնը բազմամարդ հրապարակն է:

Իր բոլոր հաշվարկները կարող են ի չիք դառնալ այն պահին, երբ դրության տերը դառնա քաղաքացին, երբ փողոցում կանգնած հասարակությունը դառնա թելադրողն ու հարց լուծողը:

Իրերի դասավորվածությունը վայրկենապես կփոխվի, երբ քաղաքացին պարտադրի հաշվի առնել իր կարծիքը, երբ քաղաքացին ցույց տա, որ իշխանության տերն ինքն է, և ինքն է որոշում՝ ով ինչ խաղ է խաղալու իր դաշտում և ով է հայտնվելու խաղից դուրս վիճակում:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝