«Մենք կարծում էինք, որ նրանք կգողանան մեր փողերի 30 տոկոսը, բայց նրանք թռցնում են ամբողջ 100-ը…»

photo

«Երկար տարիներ պետք է մեղադրեմ ամերիկյան վարչակազմին, շատ եվրոպացի պաշտոնյաների, որ նրանք սկսեցին աջակցել ԿԳԲ-ական իշխանություններին… Նրանք կերակրել են, իրենց դրամաշնորհներով, վարկերով և սուբսիդիաներով միլիոնատերեր դարձրել բացահայտ գողերի՝ նախագահական ապարատից… նախարարությունների և կոմերցիոն կառույցների, որտեղ հաջողությամբ հաստատվել էին ԿԳԲ-ական մայորներ ու գնդապետեր»:

Սա մեջբերում է այլախոհության համար խորհրդային տարիներին դատապարտված նախկին քաղբանտարկյալ, լրագրող, գրականագետ Սերգեյ Գրիգորյանցի «Հրապարակայնություն և ազատություն» գրքից:

Թվում է՝ հայաստանյան իրավիճակի ճշգրիտ նկարագրությունն է, թե ինչպես է ավտորիտար ռեժիմը մակաբույծի նման սնվում դոնորներից: Հետո պիտի չարորակ գոյացությունը պարարտ միջավայրում մետաստազներ տարածի՝ խժռելով ցանկացած արժեք:

Մեջբերումը, սակայն, առնչվում է 90-ականների Ռուսաստանին, որին ավելի առատաձեռն են կերակրել միջազգային կառույցները: Կասկածներ է հարուցում այն, թե արդյոք դոնորների նպատակն ազատ ու ժողովրդավարական Ռուսաստանի կառուցումն է եղել, եթե այո, ստացե՞լ են դրական ազդակներ՝ որդեգրած քաղաքականությունից: Շահե՞լ են, թե՞ ճիշտ հակառակը, տարիներ հետո ստիպված են պայքարել իրենց իսկ ստեղծած համակարգի դեմ, որովհետև մակաբույծը դարձել է չարիք ոչ միայն այն հասարակության համար, որի մեջ ապրում է, այլ նաև մյուսների, ընդհանուրի…

Արդյոք այս գործելակերպով չարիքին սնողները չեն դավաճանում սեփական իդեալներին, ժողովրդավարական արժեքներին ու գաղափարներին՝ ցինիկ և օգտապաշտական վերաբերմունք ցուցաբերելով եվրոպական քաղաքակրթության, ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Այս հարցադրումը հնչել է տարիներ առաջ և կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ սխալները չեն սրբագրվում և դասեր չեն քաղվում:

Ահա թե ինչ է գրում Սերգեյ Գրիգորյանցը. «Իհարկե, նրանք (նկատի ունի ամերիկյան վարչախմբին և Եվրոպային – Ա.Վ) հասել են ստրատեգիական հարաբերությունների առումով փոքրիկ, պրագմատիկ նպատակների իրականացմանը. մասնավորապես Ռուսաստանի մասնակի զինաթափմանը, մասնակի հրապարակայնության ապահովմանը: Հստակ տեսան հակառակորդի անվիճելի թուլացումը և ենթադրեցին, որ դա արժանավայել նպատակ է: Բայց կերակրելով աճեցրել են ոչ միայն նոր թշնամու, այլ նաև համաշխարհային ահաբեկչության և ավտոկրատիայի պահպանվող կենտրոնի, որի հետևանքով կտրուկ նեղացել է  ժողովրդավարության և ազատությունների սահմանն աշխարհում: Եվ այո, արդյունքում ստիպված են կրկին պաշտպանվել (ինչպես մենք տեսնում ենք քսան տարի անց)՝ կորցնելով սեփական ազատությունների որոշակի չափաբաժին. այսօր նրանք ստիպված են մոռանալ, լռության մատնել իրենց պատմական անցյալը՝ այդպիսով մեծացնելով դեմագոգիայի և ստի չափաբաժինն աշխարհում»:

Ինչպես տեսնում ենք, տասնամյակներ անց անցած ճանապարհից, գործած կոպտագույն սխալներից Եվրոպան ոչ միայն դասեր չի քաղել, չի վերանայել իր քաղաքականությունը, չի փոխել իր կարծրատիպային հին ու չարդարացված մոտեցումները, այլ նաև շարունակում է վերստին նույն սխալը թույլ տալ Հայաստանի և մի շարք այլ պետությունների հետ հարաբերություններում:

Հիմա կերակրելով ու փայփայելով կոռումպացված առաջնորդներին, ի դեմս նաև Հայաստանի իշխող վարչախմբի, ի՞նչ նպատակ են հետապնդում եվրոչինովնիկները՝ տեսնելով հանդերձ, որ տրված միլիոնավոր եվրոները խորացնում են կոռուպցիան մեր երկրում, նպաստում հայտնի շրջանակների բարգավաճմանը, մարդու իրավունքների սահմանափակմանը, տեսնելով, որ երբեք դրանք չեն ծառայել քաղաքացու բարեկեցությանը, որ հատկացված միջոցները կապիտալ չեն ստեղծում, չեն նպաստում ՀՀ տնտեսության որակական փոփոխություններին, այնուամենայնիվ, շարունակում են կերակրել՝ բավարարվելով ժամանակ առ ժամանակ արձանագրվող աննշան հաջողություններով: Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ՝ Ռուսաստանի պարագայում:

Հրապարակային հայտարարություններով հիմա էլ խոսում են հիմնարար ազատությունների, եվրոպական արժեքների մասին: Հորդորում հասարակությանն իրենց ձեռքերով կառուցել ժողովրդավարություն, «որովհետև արծաթե սկուտեղի վրա այն ոչ ոք չի մատուցի Հայաստանին»:

Երկիրը մերն է, և որ այն մենք պետք է կառուցենք՝ աքսիոմատիկ ճշմարտություն է: Խնդիրը մեկնարկային պայմանների անհավասարության մեջ է: Քաղաքացին պարտվում է ոչ թե գաղափարական, այլ ռեսուրսների պայքարում, որովհետև Հայաստանում ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունների ձեռքում: Ընդ որում, երբ ֆինանսական սուղ կացության մեջ է հայտնվում իշխող վարչախումբը, օգնության են հասնում եվրոպական արժեհամակարգի կրողները՝ շարունակելով սնուցել ռեժիմներին:

Մյուս դաշտում չի ձևավորվում քաղաքացիական ուժեղ հասարակություն, որն ունակ կլինի անհամեմատելի սուղ ռեսուրսներով մրցել ռեժիմի հետ: Սնանկ գաղափարներով հանդերձ իշխանությունն է հաղթում քաղաքացուն, որովհետև քաղցկեղը չի խնայում առողջ օրգանները, որովհետև անողոքաբար տարածվել է, դեգրադացրել և դրամայնացրել յուրաքանչյուր արժեք, գաղափար՝ ավելի ու ավելի խորը թաղելով ժողովրդավարական արժեքները:

Հետևաբար քաղաքացին արդարացիորեն կհարցադրի՝ Եվրոպան օգնո՞ւմ է, թե՞ ճիշտ հակառակը՝ խանգարում է մեզ առողջացնել մեր երկիրը՝ պարբերաբար ամրապնդելով մյուս կողմում կանգնածի բարիկադները:

Դատելով տարիներ առաջ թույլ տված սխալներից և արձանագրված արդյունքներից՝ կարելի է կանխատեսել՝ ինչ է լինելու հետո:

Հետո նաև եվրոպացի չինովնիկները, ինչպես տարիներ առաջ են պատմել, զարմանքով արձանագրելու են. «Մենք կարծում էինք, որ նրանք կգողանան մեր  փողերի 30 տոկոսը, բայց նրանք թռցնում են ամբողջ 100-ը…»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝