Թույլ չտալ ռեյտինգներին՝ «ուտել» մարդկանց

thwegvetgyqe5g

2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, երբ հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ այդ ժամանակ գործող քաղաքական ռեժիմի, որի ներկայացուցիչները բոլոր օրինական և անօրինական մեթոդներով փորձում էին հերթական անգամ իրենց ձեռքերում պահել իշխանությունը (անգամ դիմեցին Սահմանադրության և կառավարման համակարգի փոփոխման), մեծ, դրական իմաստով, աղմուկ բարձրացրեց միջազգային ասպարեզում: «Թավշյա հեղափոխության» լավագույն օրինակ ցույց տալու շնորհիվ Հայաստանը հայտնվել է առաջատար հեղինակավոր պարբերականների էջերում: Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը 2018 թվականի ավարտին Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել: Հայաստանը 2018 թվականին հաղթած ժողովրդավարությունների եռյակում է նաև բրիտանական «The Washington post» օրաթերթի հեղինակ Ֆրիդա Գիտիսի հոդվածում:

Եվ զարմանալի չէ, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» աննկատ չի մնացել նաև «Democracy index 2018» զեկույցի կողմից: «Ժողովրդավարության ինդեքս»-ի աղյուսակներում Հայաստանը, որը նախկինում զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը՝ ավելի շատ ձգտելով ավտորիտար ռեժիմի, բայց, մնալով, այնուամենայնիվ, հիբրիդային ռեժիմների դաշտում, 2018 թվականի հեղափոխությունից հետո լուրջ առաջընթաց է գրանցել՝ հայտնվելով 103-րդ հորիզոնականում:

Եթե դիտարկենք այդ ցուցանիշը տարածաշրջանի համատեքստում, ապա ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանն առաջ է անցել 149-րդ հորիզոնականում հայտնված Ադրբեջանից և 110-րդ հորիզոնականում հայտնված Թուրքիայից (այս հարցի համատեքստում ուսումնասիրությունից դուրս թողնենք հարևան Իրանը՝ հաշվի առնելով նրա պատմա-քաղաքական և մշակութային առանձնահատկությունները), զիջելով միայն Վրաստանին, որը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը:

Պատկերն ավելի ուշագրավ է դառնում, եթե «ժողովրդավարության ինդեքս»-ի ցուցանիշները դիտարկենք այնպիսի ինտեգրացիոն կառույցների համատեքստում, ինչպիսիք են, օրինակ, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն: Այսպես, օրինակ, ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանը զգալիորեն առաջ է անցել Բելառուսից (137-րդ հորիզոնական), Ղազախստանից (144-րդ հորիզոնական) և Ռուսաստանից (144-րդ հորիզոնական) և զիջել միայն Ղրղզստանին (98-րդ հորիզոնական): Գրեթե նույն պատկերն է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում, որտեղ Հայաստանն ու Ղրղզստանը «ժողովրդավարության ինդեքս»-ի ցուցանիշներով առաջ են ընկել բոլոր երկրներից, այդ թվում 159-րդ հորիզոնականը զբաղեցնող Տաջիկստանից:

Ժողովրդավարությունը՝ ինքնանպատա՞կ

Այն, որ Հայաստանը ժողովրդավարություն կառուցելու հարցում առաջընթաց է ապրել, միանշանակ լավ է: Խնդիրը, սակայն, նրանում է՝ ինչ ենք պատկերացնում, երբ խոսում ենք ժողովրդավարությունից, և ինչ ակնկալիքներ ունենք երկրում ժողովրդավարության հաստատումից: Եվ արդյոք մենք հասկանում ենք, որ ժողովրդավարությունն ինքնանպատակ չէ, այլ միջոց է, մասնավորապես, անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և կյանքի կոչելու, իշխանությամբ օժտված անձանց կամայականությունները սաստելու, հասարակության բարեկեցությունն ու ընդհանուր շահերը ապահովելու համար,  և որ ժողովրդավարությունը միայն ընտրական իրավունքի ազատ իրականացումը չէ, այլ ավելի գլոբալ նպատակներ է հետապնդում:

Խնդիրը նաև նրանում է, որ ժողովրդավարությունն առաջին հերթին պատասխանատվություն է արած ընտրության համար, իշխանության ղեկին բերած մարդկանց կողմից արված քայլերի համար: Այն ենթադրում է նաև սեփական շահը երկրի ու հասարակության շահերի տեսանկյունից դիտարկելու պատրաստակամություն, ուրիշների իրավունքները հարգելու ունակություն, հասարակության՝ ինքնակազմակերպվելու ունակություն:

Եվ այս ամենը ենթադրում է քաղաքական մշակույթի զարգացվածության որոշակի մակարդակ, որը, ինչպես և զարգացած ժողովրդավար երկրներում, ձևավորվում է նաև վերևից, երբ իշխանությունները ոչ թե սահմանափակվում են «ազատ ընտրություններ, ժողովուրդն է որոշում» քարոզով՝ դարձնելով այն բացարձակ արժեք, այլ բացատրում են ժողովրդավարության և ընտրական գործընթացի իրական նպատակն ու իմաստը, քարոզում, որ ընտրությունը պատասխանատվություն է ենթադրում, որ ամեն մի ընտրության հետևում մի մեծ քաղաքական ծրագիր է, և, հետևաբար, ընտրական գործընթացն անձերի ընտրություն չէ, այլ գաղափարների և ծրագրերի, և որ հենց այդ ծրագրերն են, որ որոշելու են երկրի և ամեն մի անհատի ապագան, և որ առանց այդ ամենի գիտակցման «ժողովրդավարությունը» սոսկ բառ է, որն իր մեջ ոչ մի իմաստաբանական բաղադրիչ չի կրում կամ սահմանափակվում է պարզապես «ազատ ընտրելու իրավունք» գաղափարով, առանց դրանից բխող մնացած բաղադրիչների:

«Ռեյտինգամոլությունից» դեպի մարդակենտրոն պետություն

Աշխարհում կան բազմաթիվ ինդեքսներ, որոնք այս կամ այն կերպ փորձում են վերլուծել այս կամ այն երկրի քաղաքական իրավիճակը: Սակայն դրանք բոլորն իրենց առավելություններն ու թերություններն ունեն, չեն հանդիսանում իրավիճակի վերլուծության վերին ճշմարտություն և ի վիճակի չեն լիակատար կերպով հաշվի առնելու երկրի բոլոր առանձնահատկությունները և երկրի՝ այս կամ այն հորիզոնականում հայտնվելու հիմքում ընկած հատկանիշները: Այդ իսկ պատճառով երկրում տեղի ունեցող գործընթացներին գնահատական տալը, հիմնվելով այս կամ այն ինդեքսում այս կամ այն հորիզոնական զբաղեցնելու փաստի վրա, շատ անգամ ոչ միայն անհիմն է, այլև հղի է մի շարք վտանգներով, քանի որ թվերի հետևից շատ հեշտ է կորցնել մարդուն՝ իր ցանկություններով, պահանջներով, խնդիրներով, ինչպես նաև երկրում տեղի ունեցող գործընթացների ադեկվատ ընկալումը:

Եվ այս համատեքստում առավել քան ուշագրավ է և կարևոր «The Economist»-ի այն դիտարկումը, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում. «Այդպես, օրինակ, անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այսօր չի հանգստանում զանգվածային ցույցերից ու անկարգություններից, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց»:

Ամերիկյան «The Washington post» օրաթերթի հեղինակ Ֆրիդա Գիտիսն էլ դիպուկ նկատում է, որ թեև իրենց ռեյտինգում հայտնված երկրներում ժողովրդավարության զարգացման առումով առաջընթաց է գրանցվել, սակայն այդ երկրների ղեկավարները դեռևս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում կայուն ազատական ժողովրդավարության ճանապարհին, և նրանց փորձարկումը կարող է դեռ ձախողվել:

Այդ պնդումները կարծես թե ապացուցում է Վրաստանի օրինակը, որը, ըստ նույն «ժողովրդավարության ինդեքս»-ի, 2018 թվականին հայտնվել է 89-րդ հորիզոնականում՝ ժողովրդավարության զարգացման հարցում հետընթաց գրանցելով:

Այնպես որ, ռեյտինգային աղյուսակներում առաջընթաց գրանցելը դեռ չի նշանակում հասարակության սոցիալ-տնտեսական մակարդակի իրական և էական բարելավում: Եվ, գուցե, երբ սկսենք մի փոքր ավելի քիչ ուշադրություն դարձնել հարցերի ֆորմալ կողմերի, իրական կողմերը մեզ համար ավելի կարևոր կդառնան:

Այլապես կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ, ձևափոխելով հայտնի անգլիական ասացվածքը՝ «ոչխարները կերան մարդկանց», «ռեյտինգները կուտեն մարդկանց»:

 

Նինա Մարգարյան

Դիտվել է՝