Երբ ապահովված չէ անգամ այդ «անվտանգության երաշխավորի» անվտանգությունը

179436822-pic4_zoom-1000x1000-88232

Արտաքին քաղաքական դաշտում գարնանային սրացումներ են, և իրավիճակը Հայաստանի վարչախմբի ու նրա իշխանազուրկ պարագլուխ Սերժ Սարգսյանի համար, ով աշխարհաքաղաքական անհաշտ բևեռների կողմից ընկալվում է որպես անվստահելի գործընկեր, մեղմ ասած, անկանխատեսելի է:

Այդ բևեռները մոտալուտ առճակատման շեմին են, և բոլոր թեժ կետերում ԱՄՆ-ՌԴ-Եվրոպա եռանկյունին է, որի եզրերով լարախաղացի նման մանևրում է հայաստանյան վարչախումբը:

Դեռ թարմ են մեր «հյուսիսային դաշնակցի» մոտ առաջացած սրացումների մասին հիշողությունները, երբ Հայաստանի և Եվրամիության միջև 2017թ.-ի նոյեմբերին ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:

Հենց նույն օրը սկսվեց հեռակա հայհոյանքների տարափը՝ ուղղված Հայաստանի «տակից փախչող» վարչախմբին:

Կրեմլամետ լրատվամիջոցները սկսեցին Սերժ Սարգսյանի գլխավորած «խոլոպների խմբի» դաստիարակչական դասաժամը: Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության զինանշանը համեմատեցին ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ, իշխող վարչախմբին նույնացրին երախտամոռ «անհավատարիմ կնոջ» հետ:

Նման արձագանքը Սերժ Սարգսյանի վարչախմբի խոցելիության ապացույցն է և ինքնուրույնության բացակայության հետևանքը: Մոսկվայի հետ հարաբերություններում Սերժ Սարգսյանը մշտապես եղել է զիջողի և հանձնողի դերում, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ միշտ տվել է ոչ թե անձնականն ու սեփականը, այլ պետության ինքնիշխանության մասնաբաժինը, անվտանգության համակարգի լծակները, բնական հարստություններն ու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Հանձնել է հանուն իր երերուն իշխանության երկարակեցության:

Արևմուտքի հետ լարված հարաբերությունների այս փուլում Կրեմլը խոլոպներին «պատին դեմ տալու» գործիքակազմից որոշ ժամանակով կհրաժարվի, կփորձի անկողմնակալ դատավորի գործառույթներ իրականացնել հայ-ադրբեջանական վեճերում, հետևաբար, հայաստանյան վարչախմբին «հյուսիսային քամիները» մի որոշ ժամանակ չեն անհանգստացնի: Թեև դա չի նշանակում, որ Երևան-Մոսկվա չվերթի մշտական ուղևորին հանգիստ շունչ քաշելու հնարավորություն կտան: Պուտինը դեռ հմտորեն կօգտագործի Արցախի խնդիրը, կզինի իր «դաշնակցի» թշնամուն և ժամանակ առ ժամանակ կսեղմի Սարգսյանի «աքիլլեսյան գարշապարը»:

Եվրոպան առավել լուրջ մարդկանց հետ զբաղված է առավել լուրջ գործերով և «ձեռքի հետ» կվավերացնի գործընկերության մասին համաձայնագիրը՝ այս փուլում զերծ մնալով հայաստանյան վարչախմբին ուղղված «դիվանագիտական ապտակներից»:

Սերժ Սարգսյանին եվրաինտեգրման այս գործընթացում ամենաշատը հետաքրքրում է փողը, և եվրոպացիները, ովքեր նման ավտորիտար ռեժիմների հետ «փողի լեզվով» հարաբերվելու պատմական մեծ փորձ ունեն, կարծես դեմ չեն նրա ցանկությանը՝ աչք փակելով կոռուպցիայի ծաղկման, ժողովրդավարության, մամուլի ազատության, ընտրական իրավունքի և այլ համատարած ոտնահարումների առջև:

Սակայն նրանց քաջածանոթ է փողից և իշխանությունից կախվածություն ունեցող պաշտոնյաների վարքագիծը, և անհրաժեշտության դեպքում եվրոպացիները պատրաստ են այն տրանսֆորմացնել «քաղաքական կախվածության»:

Իսկ ԱՄՆ-ի գլոբալ քաղաքական հետաքրքրությունների տիրույթում Հայաստանը հազիվ է նշմարվում, թեև սարգսյանական վարչախումբը մշտապես նշանառության տակ է՝ հաշվի առնելով Ռուսաստանին «անմնացորդ տրվելու» նրա պատրաստակամությունը:

Ամերիկացիները շատ ավելի պրագմատիկ են և արագ գործի կդնեն պատժիչ մեխանիզմները, եթե Սերժ Սարգսյանը հանդգնի վնաս հասցնել տարածաշրջանում ամերիկյան շահերին:

Լեգիտիմությունից զուրկ, հանրային աջակցություն չվայելող ղեկավարի թուլությունը նվազեցնում է նրա դիմադրողականությունը, հետևաբար միջազգային ուժային կենտրոնները մշտապես ունեն նրանից զիջումներ կորզելու հնարավորությունը:

Շուրջ 10 տարի Սերժ Սարգսյանն աշխարհաքաղաքական բևեռների եռանկյունում գործել է լարախաղացի նման, իրավիճակային մանևրներով և լուծումներով: Նրա «և-և»-երն ու «այո-ոչ»-երն արդեն սպառել են իրենց: Սերժ Սարգսյանի մանևրների բուն նպատակը՝ իշխանությանն ամեն կերպ կառչած մնալը, մեծ հաշվով դուրս է միջազգային ուժային կենտրոնների շահերի ու հետաքրքրությունների շրջանակից:

Հետևաբար, ոչ՛ երկրի ներսում, ոչ՛ դրսում վստահության պաշար չունեցող ղեկավար այրը խոցելի է այնքան, որ մեկ օրվա ընթացքում կարող է վերածվել «դավաճան կնոջ» կամ «լքված սիրուհու», իսկ վերջիններս ուղղակի չեն կարող լինել պետության առաջընթացի և անվտանգության երաշխավոր:

Եվ երբ վարչախմբի մունետիկները «երկրի անվտանգության» հարցը պատեհ-անպատեհ առիթներով դեմ են տալիս հանրությանը՝ փորձելով լռեցնել նրան, չպետք է մոռանան, որ ապահովված չէ անգամ այդ «անվտանգության երաշխավորի» անվտանգությունը:

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝