Ս.Սարգսյանի ինքնապաշտպանությունը 7-օրյա «անիշխանությունից» առաջ

mishik-472x265

Մինչ մայրաքաղաք Երեւանում «Մերժիր Սերժին» կոչեր են հնչում եւ շատերը պատրաստվում են թոշակի ճանապարհել Սերժ Սարգսյանին, նա  հանդիպում է Հռոմի պապի հետ,  հարցազրույցներ է տալիս արտասահմանյան մամուլին  «Եւ…եւ»-ի իր «հաջողված» քաղաքականության մասին, պարգեւատրում է սեփական փեսային՝ «հայրենիքին մատուցած ծառայության համար»:

Վերջին շրջանում Սարգսյանի խաղաոճն այսպիսին է. հասարակական հախուռն դարձող դժգոհություններին նա հակադրվում է խիստ ցուցադրական ինքնավստահությամբ՝  փորձելով արմատավորել համոզմունք, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը Հայաստանի համար այլեւս դատավճիռ է:

Սարգսյանական խաղի որոշ նրբերանգներ, սակայն, նկատելի են դարձնում, որ «ուժեղ մկանների» տակ նա նրբորեն թաքցնում է «նյարդային կծկումները», որոնք հետեւանք են   հասարակական դաշտում առկա հախուռն զարգացումների եւ ներպալատական աճող ինտրիգների:

Սարգսյանը հիմնականում խաղադրույք է կատարում բուրգի վրա: Եւ հիմա փորձում է խաղը վարել արդեն ոչ միայն «ուժեղ խաղացողի», այլ նաեւ «միայնակ խաղացողի» դիրքերից: ՀՀԿ-ն չէ, որ պետք է նրան լիազորի աշխատել վարչապետ, եւ ինքն իրեն արդեն լիազորել է: Ըստ էության, հրավիրած վերջին խորհրդակցության ժամանակ հենց այս ուղերձն էր հղում Սարգսյանը ներկաներին, երբ խոստանում էր մի քանի հարյուր հազար աշխատատեղ ստեղծել ու բնակչության թիվը հասցնել 4 մլն-ի:

Սարգսյանը հեռացող նախագահ է: ՀՀԿ-ն դեռ պաշտոնական նիստում չի էլ քննարկել վարչապետի թեկնածության հարցը, իսկ նա հրավիրում է խորհրդակցություն եւ անուղղակի հայտարարում իր վարչապետ լինելու մասին:

Նման խորհրդակցություն Ս. Սարգսյանը կարող էր հրավիրել առնվազն ապրիլի 18-ին, եթե իհարկե իրադարձությունները զարգանային ծրագրածի համապատասխան, եւ ապրիլի 17-ին խորհրդարանը նրան ընտրեր վարչապետ: Նա, սակայն, դեպքերից ու իրադարձություններից առաջ է ընկնում՝ փորձարկելով վարչապետությունը նախագահի պաշտոնում իր  ժամկետի ավարտից էլ շուտ:

Այս ամենն, ըստ էության, նրա կողմից ինքնապաշտպանական քայլեր են՝ 7-օրյա «անիշխանությունից» առաջ՝ շրջապատի համար համոզիչ դարձնելու իր կողմից ներքաղաքական իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողությունը եւ «ռելսերի վրա» դնելու վարչապետությունը:

Սարգսյանը վախեր ունի իշխանությունը պահելու հարցում, իսկ ինտրիգները ներիշխանական դաշտում հավանական են թվում:

2014 թ.-ին նա հենց թիմի առաջ էր հայտարարել հեռանալու մասին: Իսկ 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնիսկ փողով ոչ մի քվե չի վաստակել: Որովհետեւ  ընդհանրապես ՀՀԿ ցուցակում չի եղել: Եւ հիմա ներիշխանական կուլիսների ստորին անկյուններում առնվազն պիտի որ քննարկեն այն հարցը, թե ինչու է մեծամասնությունն առաջադրելու մեկին, ով չի եղել 2017-ի կուսակցական  օրակարգում: Կամ ինչու էին 2017 թ.-ի քարոզարշավի ժամանակ ՀՀԿ ապագա վարչապետ ներկայացնում ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Կարեն Կարապետյանին:

Ինքը Կարապետյանը, ով Սարգսյանի կողմից էր հրավեր ստացել Հայաստանում վարչապետ աշխատելու, պիտի որ հարցեր ունենա Սարգսյանին, առնվազն այն մասով, թե ինչ շահագրգռվածությամբ էր մտնում կուսակցական «կեղտոտ անկողին»:

Սարգսյանն ընտրել է իշխանական  բուրգի հետ հարաբերվելու վերջնագրի լեզուն: Իսկ վերջնագրի լեզվով խոսելը, որոշակի պայմանների առկայության դեպքում, կարող է  ճիշտ հակառակ ազդեցությունը թողնել ՝ ստիպելով թիմին գործել բուրգի ղեկավարի ձեռագրով՝ հենց Սարգսյանի դեմ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝