«Ժպտացե՛ք, լավ ա ըլնելու…». եվրափողերի, կոտրված դահուկի ու կարտոֆիլի հանգույցը

новый коллаж

Կարծում եք՝ հեռավոր Փհենչհանում մեր դահուկորդի հետ տեղի ունեցածը պատահականությո՞ւն էր:

Ամբողջ հայ ազգով եւ հայ ազգի համար հնարավո՞ր էր նախապես մի դահուկ գնել: Գոնե օլիմպիական խաղերի համար: Գոնե մեր եռագույնը խայտառակությունից փրկելու համար: Գոնե եվրոպական «ձմեռային տուրիզմի» փողերով: Իհարկե, հնարավոր էր:

Կամ պատահականությո՞ւն էր Երեւանի ավագանու խայտառակ միջադեպը:

Ամբողջ հայ ազգով եւ հայ ազգի համար հնարավո՞ր էր ծեծի չենթարկել երկիրծիրանյան տիկնանց: Գոնե հայկական գենետիկայի ապագայի համար: Գոնե մեր «տղամարդկային պատվասիրությունը» խայտառակությունից փրկելու համար: Գոնե եվրոպական «գենդերային» փողերով: Իհարկե, հնարավոր էր:

https://www.youtube.com/watch?v=Md52DfrZANY

Հնարավո՞ր էր փրկել «ճարահատության կամրջից» նետված մորն ու դստերը, հնարավո՞ր էր պոկել զինվորի փայը թռցնող սպայի ուսադիրները կամ բռնել սպիտակահեր ծերունուն ապտակող ոստիկանի թաթը: Գոնե եվրոպական «բարեփոխիչ» փողերով: Իհարկե, հնարավոր էր:

https://www.youtube.com/watch?v=hB19mJC7fIQ

Այսքան պատահականություն չի լինում, եւ հետո՝ յուրաքանչյուր պատահականություն չապացուցված օրինաչափություն է:

Չենք անում, չենք խրատվում, չենք հարգում…

Եվ անհետանում են արժեքները, կարծես չեն էլ եղել, փոխարենն ասպարեզում բազմանում են «քաղաքական հացկատակները», իրենց մատերիայով լցնում «կարեւոր» շենքերը, իրենց պարարտ աղտահանքերը տեղավորում «կարեւոր» աթոռներին եւ իրենց բստրանքը բաց թողնում «կարեւոր» լրատվամիջոցների եթերով:

Կախված լրագրողի արհեստավարժությունից՝ որոշ երեսփոխաններ կամ նրանց «գործադիր երկվորյակները» սկսում են «ինքնահրկիզվել»՝ սեփական ուղեղի բոցերի բռնկումներից:

Եվ հենց այստեղ է, որ հազար մաղով հաց կերածներն իրենց իրավունք են վերապահում դնդերոտ պռոշների եւ մսագունդ գզելու համար «ուսիլիտ» արած ատամնաշարի արանքից նետել կարտոֆիլ ուտողների մասին իրենց ծանծաղամիտ դիտարկումները: Ու միաժամանակ աշխարհում ամենահայտնի ջանասեր, պրպտող ու ստեղծարար ազգի ներկայացուցիչներին աշխատելու խորհուրդներ են տալիս. շատ աշխատելու, թե չէ, ասում են՝ վա՛տ եք ապրելու:

https://www.youtube.com/watch?v=hZ0o0n8ef28

Իսկ իրենք գիտե՞ք ինչքան են աշխատում, տքնում, գիշեր լուսացնում ժողովրդի արժանապատիվ կյանքն ու գոյությունն ապահովելու համար:

«Կարտոֆիլ ուտողը շարունակելու է կարտոֆիլ ուտել, աղքատին ի՞նչ՝ ապրանքները թանկանում են, թե ոչ…»: «Պատկերացրեք մի ընտանիք, որը միայն կարտոֆիլ է ուտում»,- շարունակում է մյուսը: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք… պատկերացնո՞ւմ եք, որ ձեր վարչախմբի ապիկարության այս դարաշրջանում կան ընտանիքներ, որոնք սնվում են միայն կարտոֆիլով, ու հենց դա էլ հիմք եք վերցնում հաշվարկներ կատարելու եւ բուսաբուծության ոլորտի ձեր «վերլուծաբան» գործընկերոջը քոմակ անելու համար:

https://www.youtube.com/watch?v=lCAMuD_nvGU

Պատկերացնո՞ւմ եք, հենց նրանք էլ օրենք են հեղինակում, որին մենք պետք է ենթարկվենք, ինչպես հնազանդորեն ենթարկվում ենք մեր ծնողի պատգամին ու մեր երեխայի խնդուքին:

Չենք ընդդիմանում, չենք սաստում, չենք բռնցքվում…

Եվ պատահական չէ, որ մսագունդ գզողների անդորրն ապահովող ոստիկանի ապտակը գետնին է տապալում թոշակառուին, մեծամեծի ամպհովանին բռնող «տղամարդկանց» ապտակը նույն կերպ տապալում է ընդդիմադիր կնոջը… եւ այսպես շարունակ, ապտակներ ու ապտակներ, որոնք տապալում են սեւազգեստ մայրերին, ցուցարարին, լրագրողին, բժշկին, արվեստագետին, զինվորին, նաեւ երկրի վարկն ու հեղինակությունը:

Ճակատագիրն ում ուզում է կործանել, նրանից խլում է բանականությունը, իսկ դրանից առաջ լավատեսությունը: Պարզապես իրավունք չունենք լավատես չլինելու: Ինչպես կասեր դասականը. «Ժպտացե՛ք, լավ ա ըլնելու…»: Իսկ եթե առիթն ու տրամադրությունը չկա՞… «Դե ուրեմն մի ժպտացեք…»,- կշարունակեր նույն ինքը:

https://www.youtube.com/watch?v=ISY0tclbAMs

Այսքան պատահականություն չի լինում… երբ եվրափողերը հոսում են Աշոցք՝ «ձմեռային տուրիզմ» զարգացնելու, իսկ մենք մեկ նոր դահուկին «կակա» ենք ասում, երբ եվրափողերով գենդերային ծրագրեր են տարփողում, իսկ մենք կին ենք դնգստում, երբ եվրափողերով ժողովրդի սոցիալականն են «վերակենդանացնում», իսկ մենք «կարտոլից» բացի այլ առաջարկ չունենք անապահովին:

Սրա համա՞ր է Եվրոպան «սնում» վարչախմբին:

Անաբուռների մի սերունդ է մեզ «կառավարում», ավելին՝ փորձում խրատել ու բարեկրթել: Ես զգում եմ, որ իմ ազատությունը նվվում է տարածության անձկությունից, իսկ միտքս՝ կաղում նոր «արժեհամակարգի» հարվածներից: Բայց ժպիտս, հաստատ, պահելու եմ՝ ի հեճուկս Մամոնայի քրքիջի:

Ժպտացե՛ք, լավ ա ըլնելու…

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝