Գնաճի տնտեսական և քաղաքական դեմքը

timthumb-12

Վերջին շրջանում «դրայվով» թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Որևէ հստակ բացատրություն, սակայն, մեր երկրի պաշտոնյաների կողմից չի հնչում: Չի արձագանքում ոչ կառավարությունը, ոչ նրա ղեկավարը, ոչ Ազգային ժողովը, ոչ «Շաբոյանի հանձնաժողովը»: Այսօրինակ լռությունը մաֆիայում կոչվում է «օմերտա», այսինքն՝ լռության օրենք կոնկրետ խմբի կանոններով: Իսկ թե «լռության օրենքն» ում շահերից է բխում, միայն կարելի է ենթադրել: Իսկ դա ենթադրել է տալիս, որ թանկացումների ետևում կանգնած են ոչ միայն առանձին օլիգարխներ և օլիգոպոլիաներ, այլև նրանց պետական հովանավորները:

 Ի՞նչ են ասում պաշտոնյաները

Սոցիալական ծանր կացության մեջ գտնվող Հայաստանում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակչության մոտ 40%-ն աղքատ է, որտեղ ամենօրյա արտագաղթողների թիվը հավասար է մեկ գյուղի բնակչության թվին, որտեղ տնտեսական աճը ծրագրվում է թղթի վրա, իսկ գործնականում հայտարարվում՝ 2018 թվականին չսպասել աշխատավարձերի ու թոշակների բարձրացման, ապրանքների գների թանկացումը տնտեսական նոր մարտահրավեր է դառնում:

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ գնաճի այս տեմպերին տեղյակ չեն կամ լրջությամբ չեն վերաբերվում: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «կատվի խաղը մկան մահն է»: Մասնավորապես, ԱԺ նախկին նախագահ, այժմ պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ես չգիտեմ, թե ինչ է թանկացել, բայց դա վատ պրոցես է»: Ապա ինքն իրեն հակասելու մեջ վարպետանալով՝ հավելել. «Տնտեսական աճի դեպքում և՛ թանկացումներ է լինում, և՛ էժանացումներ: Թանկացումն ու էժանացումը չի կարելի կապել տնտեսության վիճակի հետ»:

Համաձայնեք՝ դեդուկտիվ-ինդուկտիվ և հակառակն արտահայտող բացառիկ մտածելակերպ է: Այս պատգամավորը հանգել է հետևյալ եզրակացության. «Թանկացումն այն է, երբ այդ ապրանքից քիչ է գոյացումը, կամ, մեղմ ասած, այդ ապրանքը էժան չի վաճառվում» (http://armtimes.com/hy/article/122157):

ԱԺ հանրապետական սույն պատգամավորի վերջին միտքը վկայում է, որ Ազգային ժողովում քիչ չեն միանման մտածելակերպ ունեցող մարդիկ: Նրանք ուղղակի «դհոլային մտքերի» ժողովածու են: Ւշխող կուսակցությունից Ազգային ժողովում հայտնված ՀՀ Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանն էլ Հայաստանում ապրանքների թանկացման պատճառների մասին հարցին ի պատասխան ասել էր, որ «ինքը տեղյակ չէ դրանից, և իր կինը էս երկու օրվա ընթացքում չի հասցրել զեկուցի» (https://news.am/arm /news /413418.html): Փաստորեն, հայ ժողովուրդը մասնակիորեն պետք է հույսը դնի Ալիկ Սարգսյանի կնոջ «զեկույցների» վրա:

Վերբալ մանիպուլյացիայի դիմեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Մեջբերենք նրա խոսքերը. «Դեմ եմ, որ մսի գնի թանկացումը նման «պանիկա» է ստեղծել: Շուկա է, շուկան է կարգավորում ամեն ինչ: Թանկացումը կբերի ներդրումների ավելացմանը, շուկան կկարգավորի, կդնի իր տեղը: Ես խոսել եմ գյուղացիների հետ, և նրանք տավարի, ոչխարի մսի գինը չեն թանկացրել, չնայած կա կերի գնի բարձրացում: Ոչ մի արտառոց իրավիճակ չկա անասնապահության ոլորտում։ Այո՛, եղել է չորային, այո՛, կերը թանկացել է, հաջորդ տարի, եթե բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարենպաստ, ամեն ինչը կվերականգնվի, պետք չէ խուճապի մատնվել» (http://araratnews.am/khaghakhacin-thogh-gna-gyugh-iren-apahovi-snndov-naxarareh%D5%9D-msi-thankacman-masin-tesanyuth/):

Նկատենք՝ եթե ամեն ինչ հիմնվում է ինքնակարգավորման վրա, ապա պե՞տք է մեզ արդյոք գյուղնախարարությունը, ո՞ւմ համար են արվում վերլուծությունները: Կամ՝ եթե հաջորդ տարի ևս չորային լինի, ու անասնակերը կրկին թանկանա, սպասելո՞ւ ենք հաջորդ՝ ջրառատ տարվան: Իր խոսքում գյուղնախարարը նշում է նաև, որ այս տարի 12000 գլխով ավելի ոչխար է արտահանվել Հայաստանից (http://www.1in.am /2224725.html):

Եվ ուրեմն, կապ ունի՞ սա արդյոք անասնակերի թանկացման հետ: Ոչ, իհարկե: Մսամթերքը թանկացել է, որովհետև այն պակասել է ներքին շուկայում: Իսկ պակասել է, քանի որ մի օլիգարխ կարողացել է հայկական անասնագլխաքանակը հաջող արտահանել Իրան և Քուվեյթ: Գյումրեցիներից մեկը դիպուկ կատակեց ՝ասելով. «Հմի օր Խոսրովի անտառը վառավ, դագաղի գինը պտի ելնի՞»:

Ինչ մնում է կաթի, կարագի, պանրի գների աճին, ապա մեզանում հոդաբաշխ պատասխաններ այդ թեմայով չկան: Չեխիայում, օրինակ, կարագի աճող գնային թրենդը կապում են միջազգային շուկայում այդ սննդատեսակի լայն սպառման հետ: Այնտեղ նույնիսկ կարագի գողության դեպքեր են գրանցվել: Խանութների վաճառողները հարկադրված են կարագի տուփերի վրա հատուկ չիփեր տեղադրել: Ընդ որում, գողացողները ոչ միայն գնորդներն են, այլև ապրանքի մատակարարներն ու խանութների անվտանգության աշխատակիցները (http://novosti.respublika.cz­/obshchestvo/7184-v-chekhii-zaregistrirovan-novyj-vid-prestuplenij-krazha-slivochnogo-masla): Եթե Հայաստանն արագ արձագանքում է միջազգային գնային թրենդերին, ապա «կարագային գողեր» մեզանում ևս կարող են հայտնվել:

Կարագը սպառողական զամբյուղի մեջ մտնող մթերքներից է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի առաջին եռամսյակում մեր հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, միջին ընթացիկ գներով, կազմել է 56 հազար 918.7 դրամ՝ ամսական կտրվածքով: Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 32 հազար 157.5 դրամ:

Հայկական թանկացումների քաղաքական աստառը

Մամուլում և հասարակության շրջանում տիրապետող է այն կարծիքը, որ «հայկական թանկացումներն» ունեն քաղաքական բնույթ: Կա մտայնություն, որ պարենային այս ճգնաժամը հրահրված է օլիգարխների կողմից. նրանք այդպիսով ետ են կորզում 2017թ.-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ծախսած գումարները: Նման կարծիքները հեռու չեն իրականությունից՝ հաշվի առնելով նախորդ հետընտրական նմանօրինակ «ֆոկուսները»: Ինչպես ասում են հայերը, «Տառապանքս փորձ ունի»:

Հայտնի է, որ ապրանքի՝ բացատրությունից զուրկ, արհեստական գնաճն արագ հարստանալու, գնային մանիպուլյացիաների միջոց է դառնում որոշ ուշիմ արտադրողների համար:

Օրերս Գյումրու խանութներից մեկում հանդիպեցինք փոքր չափերի հացաբլիթների: Դրանք գյումրեցիների կողմից հասցրել էին «բուլկու ձագեր» որակվել: Ընդ որում, «ձագերի» գինը չէր փոխվել՝ 50 դրամ: Նույնը որոշ հացատեսակների պարագայում էր՝ փոքրացել էին դրանց չափերը, սակայն գինը մնացել էր նույնը: Այս փաստերը վերստին ապացուցում են, որ գնային աճն ու «գաստրոնոմիական ցնցումներն» արհեստական են, չհիմնավորված:

Տնտեսական գրագետ քաղաքականությունը հիմնվում է կանխատեսումների և կառավարելի շուկայական հարաբերությունների վրա: Իսկ լավ կառավարիչների կառավարությունը բնակչությանը չի գցում սովի և թշվառության ճիրանների մեջ, հույսը չի դնում շուկայի ինքնակարգավորման վրա, այլ գործնական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Այլ պարագայում կստացվի այնպես, որ առաջին անհրաժեշտության ապրանքները մեզանում կդառնան «թանգարանային նմուշ», ինչպես 90-ականներին էր:

Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝