Սերժ Սարգսյանն ու «չար բոյարները»

новый коллаж

Սերժ Սարգսյանն օլիգարխներով հարստահարում է ժողովրդին, ժողովրդով վախեցնում է օլիգարխիային

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին պարբերաբար ականատես ենք լինում իշխող տնտեսական ու քաղաքական վերնախավի այս կամ այն ներկայացուցչի ուղղությամբ լրատվական ու հասարակական հարձակումների: Վերջին դեպքն իշխող օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ, ՍԱՍ գրուպի սեփականատեր Արտակ Սարգսյանի անվան հետ էր կապված: Առիթ էր հանդիսացել նախընտրական շրջանում ՍԱՍ ընկերության աշխատակիցների մասնակցությամբ ժողովի ձայնագրության հրապարակայնացումը, որտեղ ընկերության ղեկավարությունը պարտադրում է իր աշխատակիցներին ձայներ բերել պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին:

Որպես կանոն, իշխանության վերին օղակների այս կամ այն ներկայացուցչի թիրախավորումը ԶԼՄ-ներում ու սոցցանցերում համակարգված ու կազմակերպված բնույթ է կրում: Այդ հարձակումներից հետո որոշ դեպքերում ականատես ենք լինում իշխանության օդիոզ ներկայացուցչի «պատժման» արարողության: Որպես կանոն, այդ «պատիժն» իրավաքրեական բնույթ չի կրում և սահմանափակվում է պաշտոնից կամ մանդատից զրկելով կամ այլ սիմվոլիկ դրսևորմամբ: Այն, որ «պատիժները» սիմվոլիկ են, ապացուցվում է այն հանգամանքով, որ որոշ ժամանակ անց «պատժվածը» կրկին որևէ պաշտոն ստանալով՝ վերադառնում է իշխանական վերնախավ:

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցչին ապտակելու համար պատժվեց քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալով, որից մի քանի տարի անց, սակայն, ստացավ նախարարի պորտֆել:

Սյունիքի նախկին մարզպետ, հայտնի Սուրիկ Խաչատրյանն իր տան մոտ կատարված Բուդաղյանի սպանության համար հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից, սակայն որոշ ժամանակ անց վերականգնվեց նույն պաշտոնում: Իսկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանն իր ռեստորանի տարածքում բժիշկ Վահե Ավետյանի սպանության համար վայր դրեց պատգամավորի մանդատը, սակայն նախընտրեց այլևս քաղաքական ամբիցիաներ չցուցաբերել և զբաղվել սեփական բիզնեսի ծաղկեցմամբ:

Սովորաբար նման դեպքերն առիթ են ծառայում իշխանության բարձր օղակների համար իրենց թիմակիցների միջև ներիշխանական վերաձևումներ կատարելու և թիրախում հայտնվածից ինչ-ինչ ռեսուրսներ խլելու համար: Իշխանության տարբեր օղակներ ԶԼՄ-ներում ու սոցցանցերում տարատեսակ կոմպրոմատների հրապարակման միջոցով պարբերաբար պայքարում են իրենց պոտենցիալ մրցակիցների դեմ: Քանի որ ներիշխանական խնդիրները ոչ թե լուծվում են օրինական հարթության վրա՝ դատական ատյաններում, այլ իշխանության ամենաբարձր ներկայացուցչի միջամտության շնորհիվ, ուստի այդպիսի վեճերը հանգուցալուծվում են նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի արբիտրաժային որոշմամբ:

Ընդհանրապես իշխանական բուրգի կայունությունն ու վերահսկելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ դրա կարկառուն ներկայացուցիչները գործեն օրենքի շրջանակներից դուրս, հատկապես, երբ խոսքը վերաբերում է տնտեսական խոշոր գործունեություն ծավալող ներկայացուցիչներին, այսպես կոչված, օլիգարխներին:

Հայաստանում հաստատված իշխանության տրամաբանությունը պարզապես թելադրում է օրենքներից դուրս գործելու խաղի կանոն, որի օգնությամբ իշխանական օլիգարխիան և ազդեցիկ դեմքերը վերահսկելի են դառնում իշխանության համար: Միաժամանակ այդ նույն օլիգարխիան պետք է իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներով նպաստի օրվա իշխանության վերարտադրությանը, քանի որ օրինական իշխանության հաստատման դեպքում նրանց սպառնում են կուլակաթափությամբ ու կալանավայրով: Քաղաքական իշխանությունն այդ օլիգարխ կոչվածներին վերածել է յուրօրինակ մահապարտների, որոնց համար ընտրություններում իշխանության հաղթանակը կենաց ու մահու կռիվ է: Առաջին հայացքից տպավորություն է, որ այդ օլիգարխ կոչվածներն, օրենքից վեր կանգնելու արտոնություն ստանալով, հսկայական նյութական բարիքներ են կուտակում, սակայն շքանշանի հակառակ կողմում ռեսուրսների ու նրանց սեփականության խարխուլ պաշտպանությունն է: Այն սեփականությունը, որ ինչ-որ օլիգարխ կուտակել է օրենքից վեր կանգնած լինելու պատճառով, յուրաքանչյուր պահի օրինական գործիքներով կարող է խլվել քաղաքական իշխանության կողմից: Նրանք իրենց սեփական կամքով դարձել են մահապարտ-պատանդներ իշխանության ձեռքում: Այդ օդիոզ օլիգարխները ոչ թե ռեալ սեփականատերեր են, այլ նրանք ժամանակավորապես տնօրինում են սեփականությունը, դրանից զրկվելը կախված է նրանց հնազանդության աստիճանից: Մեծ ցանկության դեպքում անգամ իշխանական բուրգի մեջ գտնվող օլիգարխները չեն կարող օրինական դաշտում գործել, քաղաքական իշխանությունը նրանց պարզապես այդպիսի թույլտվություն չի տա:

«Բարի» Սերժ Սարգսյանն ու «չար» օլիգարխները

Նրանք նաև քաղաքական իշխանության համար որպես անվտանգության բարձիկ են ծառայում: Պարբերաբար տեղեկատվական արշավները սեփական թիմակիցների նկատմամբ օգտագործվում են ոչ միայն սեփականության վերաբաշխման նպատակներով, այլ նաև հանրության առաջ «Բարի ցար, չար բոյարներ» սցենարի խաղարկման համար: Այդպիսով Սերժ Սարգսյանը փորձում է տարանջատվել այդ օդիոզ օլիգարխիայից: Փորձ է արվում Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես իշխանության տարատեսակ ներկայացուցիչների այլասերված վարքին ու գործունեությանն անտեղյակ կառավարչի, ով իբր տեղեկանալով իր բոյարների չարությունների մասին՝ անմիջապես պատժում է:

Վերևում արդեն նշեցինք, որ այդ «պատիժը» խիստ սիմվոլիկ բնույթ է կրում: «Բարի ցար, չար բոյարներ» սցենարի խաղարկման գործում գլխավոր դերերում են հատկապես կեղծ ընդդիմադիր լրատվամիջոցներն ու քաղհասարակության շատ ակտիվ ներկայացուցիչները, որոնք անհրաժեշտ պահին քննադատության սլաքն ուղղում են «չարություն» արած չար բոյարի ուղղությամբ՝ մոռանալով նշել, որ բոյարներին չարություն անելու քարտ-բլանշը տրվել է հենց բարձրագույն իշխանության կողմից, և հենց այդ նույն բոյարներն են ապահովում Սերժ Սարգսյանի ու նրա նախորդների հաղթանակը բոլոր կարգի ընտրություններում: Իրականում Սերժ Սարգսյանի համար բոյարները ծառայում են որպես անվտանգության բարձիկ ու քավության նոխազներ, որոնք իրենց վրա են ընդունում հանրության քննադատություններն ու հայհոյանքներն, իսկ պետք եղած դեպքում զոհաբերվում են հանուն բարձրագույն իշխանության շահերի:

Թիրախավորելով հետևանքը, մոռանալով շեշտել պատճառների մասին՝ միտումնավոր մոռացության է տրվում այն հանգամանքը, որ այդ բոյարներին չարություն անելու ու պետությունն ու հասարակությունը հարստահարելու լիցենզիա է տրվում հենց բարձրագույն քաղաքական իշխանության կողմից:

Դերենիկ Մալխասյան

«Պոլիտիկա» կենտրոն

Դիտվել է՝