Ս. Սարգսյանը հետաքրքրությունների ի՞նչ շրջանակ է գտել ԱՄԷ-ում

20139

Դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ պաշտոնական լրահոսը տեղեկություն տարածեց, թե Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս տեղեկությունը նախընտրական քարոզչության շրջանում տարածվեց որպես լրջագույն ձեռքբերում, մեծ առաքելություն, որ իրականացնում է Սերժ Սարգսյանը: Նա գնում է Արաբական Միացյալ Էմիրություններ, ստեղծում առևտրային հարաբերություններ, հրավիրում է գործարարների Հայաստան, նրանց համար հայտարարում է «բաց դռների տնտեսական քաղաքականություն»: Հետո ներկայացվեց, թե ինչպիսի ճոխ ընդունելության են արժանացրել Ս. Սարգսյանին Էմիրություններում, հնարավորություն տվել ներդրումային համաժողով անցկացնելու այնտեղ և այլն, և այլն:

Այսքանից հետո կարելի էր ենթադրել, որ Էմիրությունների հայ համայնքը «գրոհելու» է մեր երկիր, մեր արտադրանքը «հեղեղելու» է Էմիրությունների շուկան, և զարգանալու է Հայաստանի տնտեսությունը:

Իրականում փորձենք հասկանալ, թե Հայաստանն ինչ կարևոր տնտեսական և քաղաքական կապեր ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Սերժ Սարգսյանն ԱՄԷ վերջին անգամ պաշտոնական այց կատարել էր մոտ 4 ամիս առաջ՝ 2016թ. նոյեմբերի 11-ին:

Չորս ամիսը մեկ պաշտոնական ամենաբարձր մակարդակով կատարվող այցերը հիմք են տալիս ենթադրելու, որ իսկապես լուրջ համագործակցության հեռանկարներ են ստեղծվել:

Պարզ լինելու համար ներկայացնենք, որ մինչ այդ ընդամենը մի քանի այց է եղել ԱՄԷ, որից միայն երկուսն են կատարվել պաշտոնական մակարդակով: Առաջինը՝ 2000թ.-ին ՀՀ ԱԳՆ Վարդան Օսկանյանի, երկրորդը՝ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի կողմից:

1111

Մնացած բոլոր այցերը ոչ պաշտոնական, աշխատանքային այցեր են:

Ս. Սարգսյանը պաշտոնական այցելություններից հետո մեծ ակնկալիքներ ունի ԱՄԷ-ի հետ կապված: Նրա մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն ԱՄԷ-ում Ս. Սարգսյանը համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստել է ներդրումային փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո, և որ Հայաստանի իշխանությունները կողջունեն և կաջակցեն Հայաստանի տնտեսության զարգացումը տարբեր ոլորտներում: Հետաքրքիր է՝ ովքեր են ԱՄԷ-ից Հայաստանում պոտենցիալ ներդրողները: Եթե ՀՀ իշխանությունների հույսը Սփյուռքի մեր հայրենակիցների վրա է, ապա փաստենք, որ հայերն ԱՄԷ-ում մեծ տոկոս չեն կազմում:

Այսօր ԱՄԷ-ում բնակվող հայերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 5000-6000:

Ս. Սարգսյանի պաշտոնական առաջին այցից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում եղել էր Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտարարեց, թե Արաբական Միացյալ Էմիրությունները ՀՀ-ի համար մեծ սպառման շուկա է:

Հետաքրքիր կլինի իմանալ, թե այդ շուկա ինչ կարելի է արտահանել ՀՀ-ից: Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների՝ 2012, 2013, 2014 թվականներին ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալները շատ փոքր թվերով են արտահայտվում:

Ներմուծվող ապրանքների ցանկն ԱՄԷ-ից համեմատաբար ավելի ծավալուն է, քան արտահանվող ապրանքներինը:

22222

Վերջին 2016 թվականին, համաձայն ԱՎԾ-ի հրապարակման, ՀՀ արտաքին ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 75.3 մլն դոլար: ԱՊՀ երկրների հետ կատարված առևտրի մասնաբաժինը կազմել է 1 մլրդ 543.7 մլն դոլար (ընդհանուրի 30.4%), ԵՄ երկրների հետ՝ 1 մլրդ 218.7 մլն (24%) և այլ երկրների հետ (որոնց թվում են ԱՄՆ-ն, Իրանը, Չինաստանը, Վրաստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Թուրքիան և բազմաթիվ այլ երկրներ)՝ 2 մլրդ 312.8 մլն դոլար (45.6%): Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ առանձին վերցրած երկրներից ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանինն է՝ գրեթե 27% (1 մլրդ 367 մլն դոլար): Առևտրային երկրորդ գործընկերը Չինաստանն է՝ 8.9% մասնաբաժնով, և երրորդը՝ Գերմանիան՝ 6.4%-ով:

33333

ԱՎԾ այս սանդղակի համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրություններին դժվար է առևտրային կարեւոր գործընկեր համարել, այն ԱՎԾ սանդղակով 13-րդն է, ավելի առաջատար Թուրքիայի դիրքն է, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ:

444444

Այս ամենից հետո կարելի է ենթադրել, որ միայն Ս. Սարգսյանին է հայտնի, թե ինչպես կարելի է քաղաքական-տնտեսական հարաբերություններ զարգացնել ԱՄԷ-ի հետ: Սպասում ենք ԱՄԷ-ի տնտեսվարողներին, ովքեր օգտվելու են ՀՀ տնտեսական «բաց դռների» քաղաքականությունից և զարգացնելու են ՀՀ տնտեսությունը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝