Երբ ժողովուրդը «սիրում» է իր իշխանությանը. հայկական ընդդիմության «Վաթեռլոն»

Untitled-1

Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններն անցան պատմության գիրկը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն 6-րդ գումարման Ազգային ժողովում հայտնվելու են 4 քաղաքական ուժեր.

1.ՀՀԿ – 49,12% (771.247 ձայն)

2.«Ծառուկյան» դաշինք – 27,32% (428.965 ձայն)

3.«Ելք» դաշինք – 7,77% (122.049 ձայն)

4.ՀՅԴ – 6,57% (103.173 ձայն)

Ընտրություններին մասնակցող մնացած 5 քաղաքական ուժերը՝ ՕՐՕ դաշինք, ՀԱԿ-ՀԺԿ դաշինք, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցություն, չեն հաղթահարել անցողիկ շեմը:

6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ու խորհրդարանի խճանկարն աչքի են ընկնում մի քանի առանձնահատկություններով:

Նախ՝ խորհրդարան է մուտք գործել ընդամենը մեկ ընդգծված ընդդիմադիր ուժ՝ «Ելք» դաշինքը, որը նորաստեղծ քաղաքական ուժ է: Այս առումով քաղաքական խճանկարը բավականին նման է 4-րդ գումարման (2007-2012թթ.) Ազգային ժողովին: 2007թ. «Ժառանգությունը» ևս առաջին անգամ էր հայտնվել խորհրդարանում և միակ ընդդիմադիր խմբակցությունն էր: Իսկ ընդհանուր առմամբ ներկայացված էր 5 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ: Ի տարբերություն 4-րդ գումարման խորհրդարանի՝ 6-րդ գումարման խորհրդարանում կբացակայի «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը, որը խորհրդարանական գործունեության բավականին հարուստ փորձ ուներ՝ սկսած 1999թ.-ից:

Երբ ժողովուրդը տարեցտարի ավելի շատ է «սիրում» իշխանություններին

2017թ. ապրիլի 2-ի արդյունքներն ուշագրավ է համեմատել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ և ըստ պաշտոնական տվյալների դիտարկել քաղաքական ուժերի վարկանիշային մակընթացություններն ու տեղատվությունները:

Այսպես, 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն իր օգտին գրանցել էր 664.266 քվե, այսինքն պաշտոնական տվյալներով 2017թ. ապրիլի 2-ին ավելի քան 100 հազար քվե ավելի է ստացել՝ (771.247 ձայն): Սա չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ի բացարձակ իշխանության վերջին 9 տարիների ընթացքում երկրից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ, կտրուկ վատացել է սոցիալ-տնտեսական իրավիճակը, արտաքին պետական պարտքն աճել է 5 անգամ, ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում տվել ենք ավելի քան 100 զոհ և կորցրել 800 հա տարածք: Իսկ հասարակության մեջ իշխանության նկատմամբ դժգոհությունը համատարած է:

Փաստորեն, ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների, մեր հասարակությունը, չնայած իշխանության ձախողումներին, այնուամենայնիվ, էլ ավելի շատ է սկսել վստահել Սերժ Սարգսյանին ու նրա առաջնորդած Հանրապետական կուսակցությանը: Մյուս կողմից քվեների հավաքագրման ՀՀԿ-ի համար այս աննախադեպ ցուցանիշն արդյունք է նաև նոր ընտրական օրենսգրքի, որի դեպքում ռեյտինգային կոչված թեկնածուների հավաքագրած քվեները գումարվել են կուսակցությանը: Նախորդ ընտրակարգի պարագայում մեծամասնական թեկնածուների օգտին գնացող քվեները ոչ միշտ էր, որ գնում էին այն կուսակցությանը, որին ներկայացնում էր այդ թեկնածուն:

Այս ընտրություններին վարկանիշի էական անկում չի արձանագրել Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Եթե 2012թ. այդ կուսակցությունն իշխող կոալիցիայի կազմում ստացել էր 454.671 քվե, ապա այս անգամ 428.965 քվե՝ ընդամենը 26 հազար քվե պակաս ստանալով:

2012թ. ընտրությունների համեմատ առաջընթաց է ապահովել նաև իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն: Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր թիկնոցով հանդես եկող Դաշնակցությունը ստացել էր ընդամենը 85.544 քվե, իսկ 2017թ. կոալիցիա վերադարձած ՀՅԴ-ն արդեն ստանում է 103.173 քվե՝ 20 հազարով ավելի:

Հատկանշական է, որ ՀՅԴ-ի հետ դերերով փոխված ՕԵԿ-ն այս ընտրություններին տապալվեց ու չհայտնվեց խորհրդարանում՝ ստանալով ընդամենը 58.277 քվե: 2012թ., ի տարբերություն ՀՅԴ-ի, ՕԵԿ-ն իշխող կոալիցիայի կազմում էր և ստացել էր 83.123 քվե՝ հաղթահարելով անցողիկ շեմը:

Դատելով վերոհիշյալ կուսակցությունների վարկանիշների տատանումներից՝ ստացվում է, որ իշխանության կազմում լինելը մեծապես օգնում է ընտրությունների ժամանակ բարվոք արդյունքներ ապահովելուն: Այստեղ երկու հնարավոր տարբերակ կա. կամ քաղաքացիներն ավելի շատ են համակրում իշխանություն ունեցող ու դրա կազմում գտնվող կուսակցություններին, կամ իշխանության պարգևած ռեսուրսները քվեներ հավաքագրելու առումով հրաշքներ են գործում:

Ընդդիմության ֆիասկոն. խորհրդարան ՄՈՒՏՔ ԿԱ միայն մեկի համար

Ինչպես արդեն վերևում նշվեց, 6-րդ գումարման խորհրդարանում հայտնվել է ընդամենը մեկ ընդգծված ընդդիմադիր ուժ՝ «Ելք» դաշինքը: 5-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», տապալվեցին: Տապալվեցին նաև նրանց պառակտման արդյունքում ստեղծված բոլոր նորաստեղծ ուժերը: Բացառություն էր «Ելք» դաշինքը, որը կազմված էր հիմնականում ՀԱԿ-ից դուրս եկած Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Քաղաքացիական պայմանագիր» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունների հենքի վրա: Այդ դաշինքում ընդգրկված էր նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հիմնադրած նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, որն այս անգամ հանդես էր գալիս Կոնգրես-ՀԺԿ դաշինքով և կարգախոս էր ընտրել «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»-ը, հիմնովին տապալվեց՝ ստանալով ընդամենը 25.975 քվե, այն դեպքում, երբ 2012թ. այդ քաղաքական ուժն այլ կազմով ու այլ կարգախոսով ստացել էր 106.901 քաղաքացիների աջակցություն:

«Ժառանգություն» կուսակցությունը ևս հետևեց ՀԱԿ-ի օրինակին: Այդ կուսակցությունը երկարատև պառակտումների ընթացքում թուլացած վիճակում ընտրություններին մասնակցեց ՕՐՕ դաշինքի կազմում՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցության հետ միասին: Նրանց էր միացել ամիսներ առաջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը թողած Սեյրան Օհանյանը: Այդ կազմով ՕՐՕ դաշինքը ստացավ ընդամենը 32.504 ձայն: Այն դեպքում, երբ «Ժառանգություն» կուսակցությունն այլ կազմով 2012թ. ստացել էր 86.993 քվե:

Ընդդիմադիր դաշտի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը բաղկացած էր «Ժառանգություն» կուսակցությունից ու խմբակցությունից անջատված քաղաքական գործիչներից, կրկին ջախջախիչ պարտություն կրեց՝ ստանալով 14.746 ձայն:

Այսպիսով, փաստացի ընդդիմադիր կուսակցությունները 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կատարելապես ջախջախվեցին: Ընդդիմության գլխովին ջախջախումը 2008թ.-ից սկսված ընդդիմադիր դաշտի շարունակական տրոհման, միմյանց դեմ թշնամանալու, իշխանությունների հետ ստվերային գործարքների գնալու և արդյունքում սեփական հասարակության աչքի առաջ վարկաբեկվելու հետևանք էր:

Դերենիկ Մալխասյան

«Պոլիտիկա» կենտրոնի նախագահ

Դիտվել է՝