Ի՞նչ կլինի, եթե այսօրվա վարկանիշով ու ցուցանիշներով հանդերձ ՀՀԿ-ն հաղթի

photo

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Մարգարյանը:

-Պարոն Մարգարյան, Հայաստանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սկսել են նախընտրական քարոզարշավը: Ի՞նչ գնահատական կտաք մեկնարկած պրոցեսին:

-Հիմնական առանձնահատկությունը, որ կուզեի նշել, քարոզարշավի կողմերի՝ միմյանց հանդեպ քննադատությունների բացակայությունն է: Եթե առանձին հեռուստաֆորմատներ չլինեին, ընդհանրապես կարող էինք գլխի չընկնել, որ գործ ունենք տարբեր ու իրար հետ մրցակցող քաղաքական ուժերի հետ: Ուժերը ներկայացնում են իրենց դիրքորոշումներն ու ծրագրերը և սեպարատ քարոզչություն են վարում: Սրա պատճառները մի քանիսն են: Նախ ռեյտինգային համակարգի հետևանքով աճել է գործընթացում ընդգրկված թեկնածուների թիվը, էլեկտորատը բաղդադվել է, ու ուժերը փորձում են գտնել այն էլեկտորատին, որն իրենց պոտենցիալ համակիրն է, ու աշխատել հենց այդ ուղղությամբ: Երկրորդ՝ քաղաքական գործընթացների թափանցիկության խնդիրը, որն առկա է ընդհանրապես հայաստանյան քաղաքական գործընթացներում, իսկ նախընտրական շրջանում առավել ցայտուն է դրսևորվում:

Տեսեք, «Ծառուկյան» դաշինքը, այնուհետ «Հայկական վերածնունդը» հայտարարում են համապատասխանաբար 15 ու 30 կետերի մասին, որոնցով Հայաստանը կարող են հանել տնտեսական դժվար վիճակից: Այդ ուժերը հավակնում են լինել երկրորդը և երրորդը ՀՀԿ-ից հետո: ՀՀԿ-ն, որ ներկայացնում է իշխանություն, որևէ կերպ այդ ծրագրերին չի արձագանքում: Ինչու, որովհետև կուլիսներում տեղի են ունենում իրադարձություններ, հիմնականում հենց իշխող ուժի ներսում, և կողմերը չեն փորձում փչացնել իրենց հարաբերություններն այլ ուժերի հետ: Դա արվում է ոչ միայն հետագայում, հանրության համար անտեսանելի գործընթացներում դաշնակիցներ ձեռք բերելու կամ հակառակորդներ ձեռք չբերելու համար, այլև իր մեջ պարունակում է հայաստանյան քաղաքական համակարգի համար բնորոշ դարձած տնայնավարական մոտեցումներ: Քաղաքական վերնախավում նախընտրում են հարցերը կարգավորել իրար մեջ, շատ լավ հասկանում են, որ հետընտրական շրջանում հիմնական սակարկումներն արվելու են ոչ թե հանրությանը ներկայացված ծրագրերի հիմքով, այլ տարբեր ուժերի միջև լծակները բաշխելու: Այլ կերպ հանրությանը ներկայացվող պոպուլիստական ծրագրերը բացատրել հնարավոր չէ: Այդ ծրագրերը կարճաժամկետ խնդիր են լուծում, դրանք հեռանկարային չեն, չեն գտնվում հանրություն-քաղաքական ուժ տիրույթում, պոպուլիզմը չի կարող պատասխանատվություն և հաշվետվողականություն ենթադրել, և միտում ունեն պարզապես հնարավորինս շատ ձայներ տանել հանրությունից:

-Այս օրերին լայնորեն սկսել են խոսել ընտրակաշառքի մասին: Անգամ արդեն տեղեկություններ կան, թե որ թեկնածուն ինչքան գումար է պատրաստվում բաժանել, արդեն շրջում են բնակարաններում, հավաքում անձնագրերի պատճեններ և այլն: Տարբեր քաղաքական ուժերի ձախողումներից հետո, ըստ Ձեզ, ընտրողն էլի՞ ընտրակաշառքը գերադասելու է քաղաքացիական ազնիվ դիրքորոշումից:

-Երևույթը, որն անվանում ենք ընտրակաշառք, արդյունավետ է այնքան ժամանակ, քանի դեռ դրա այլընտրանքը չկա: Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ունենալով վստահության դեֆիցիտ՝ չեն կարող շռայլ խոստումներ տալ և դրանցով ուղղորդել էլեկտորատին ընտրատեղամաս: Դրա համար նրանք դիմում են առավել պարզ մեթոդի՝ նվիրատվություններ են առաջարկում:
Մյուս քաղաքական ուժերը, որոնց ռեսուրսները ներում են, ևս փորձում են նվիրատվություններ բաժանել, բայց միաժամանակ նաև չեն զլանում պոպուլիստական ծրագրերով չարաշահել հանրության դժգոհությունը:
Ընտրակաշառք կոչվող երևույթը նոր չէ, այս ընտրություններից առաջ չի առաջացել, դրա կիրառման փորձը մենք ունենք: Եվ այդ փորձը մեզ հուշում է, որ ի տարբերություն քաղաքական ուժերի, հասարակությունը հնարավորությունների սահմանում ադեկվատ է դրսևորել իրեն: Երբ դժգոհության ալիքը բարձր է եղել, կամ երբ հորիզոնում այլընտրանք է հայտնվել, հասարակության մի ստվար հատվածի վրա ընտրակաշառքն ազդեցություն չի գործել: Այսինքն հասարակական դիրքորոշման պոտենցիալը մենք ունենք, բայց չունենք քաղաքական ուժերի կողմից դրա կապիտալացման փորձը: Այնպես որ, կարծում եմ ազնիվ դիրքորոշման խնդիրը ոչ իշխանական ուժերի դաշտում է, ոչ թե ընտրողների:

-Արդեն որոշակի լարվածության օջախներ են նկատվում հանրապետության տարբեր բնակավայրերում: Ըստ Ձեզ՝ իրավիճակի էսկալացիա կլինի՞:

-Կարևոր է նշել, որ լարվածության կենտրոնում հայտնվում են կամ հանրապետականները, կամ նախկին հանրապետականները: Այսինքն ուժ ներկայացնող սուբյեկտների գերկենտրոնացում է տեղի ունեցել իշխանության և դրան հարող շրջանակներում, և հետևաբար մրցակցությունը, որը երբեմն բերում է սուր դրսևորումների, հիմնականում հենց այդ շրջանակներում է: Շատ հաճախ ընդդիմադիրներն ուրախանում են նման էսկալացիաներով: Բայց սա նրանց համար տխրելու առիթ է: Մրցակցության թեժացումը ներիշխանական շրջանակներում ցուցիչ է, որ ընդդիմադիր ուժերից ոչ ոք լուրջ շանսեր չունի և վտանգ նրանց մեջ չեն տեսնում:

Ինչ վերաբերում է էսկալացիային: Կենցաղային մակարդակում նոր բախումներ չեն բացառվում: Ռեյտինգայինով առաջադրված թեկնածուներից շատերի համար քաղաքականությունը սեփական տնտեսական կապիտալն ու ազդեցությունը պահպանելու գործիք է: Եվ երբ այդ գործիքակազմին վտանգ է սպառնում, նրանք դա ընկալում են անձնական մակարդակում: Բայց այս ամենը դեռևս քաղաքական էսկալացիայի վերաճելու միտում չունի, չնայած նրան, որ հայկական քաղաքական վերնախավը, հատկապես դրա այն հատվածը, որ մոտ է տնտեսական ռեսուրսներին ու որոշումների կայացմանը, կորցրել է նախկին մոնոլիտ կառուցվածքը, սահմանները լղոզվել են, ու հիմա անհայտ է, թե ով է յուրային, ով օտար: Առայժմ Սերժ Սարգսյանին հաջողվում է կառավարելիի սահմաններում պահել ներքաղաքական քաոսը:

-Ձեր կարծիքով ի՞նչ տեղ է իր համար նախատեսել Սերժ Սարգսյանը՝ իրեն դուրս դնելով ՀՀԿ ցուցակից և առաջին պլան մղելով, ըստ էության, ապաքաղաքական և համեմատաբար քիչ վարկաբեկված դեմքերի:

-Նախ կա կոնկրետ խնդիր՝ ընտրություններից առաջ հանրությանը ներկայանալ հնարավորինս նորմալ վարկանիշ ունեցող գործիչներով: Համամասնական ցուցակն էլ, քարոզչությունն էլ կառուցվել են այս մոդելով:
Հետո, այս նախընտրական տրամաբանությունը փորձարկումն է այն հետագա մոդելի, որ ունենալու ենք: Այսինքն Սերժ Սարգսյանը չի երևալու, բայց լինելու է գործողությունների համակարգողը, թե ինչ կարգավիճակում, կարևոր չէ. Քոչարյանի նախագահության տարիներին նա, ըստ էության, երկրի երկրորդ դեմքն էր՝ լինելով նախարար: Այստեղ մենք ունենք բացառիկ կոնսենսուս Սերժ Սարգսյանի ու հասարակության միջև: Սարգսյանի համար միշտ երանություն է եղել ստվերում աշխատելը: Իսկ հասարակության քաղաքական պահանջները երբեմն շատ պրիմիտիվ են ու գտնվում են էսթետիկայի դաշտում: Ու հիմա ՀՀԿ-ն փորձել է ներկայանալ հասարակության էսթետիկական պահանջներին համապատասխան՝ փրկիչ Կարեն Կարապետյան, անկաշառ և աշխատասեր Վիգեն Սարգսյան, երիտասարդ և գեղեցիկ Արփինե Հովհաննիսյան, ինտելիգենտ Արմեն Ամիրյան և այլն:

-Պալատական հեղաշրջման կամ իրավիճակի ֆորսմաժորային զարգացման հնարավորություն տեսնո՞ւմ եք, թե՞ Սերժ Սարգսյանը վստահ է, որ, այնուամենայնիվ, իրեն հաջողվելու է վերարտադրվել:

-Պառլամենտական համակարգն ամբողջական տեսք ստանալու է ոչ թե ապրիլյան ընտրություններից հետո, այլ 2018թ., երբ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը կավարտվի: Ընտրությունների ու Սարգսյանի նախագահության ժամկետի միջև ընկած միջակայքը լինելու է հենց այն բուֆերը, որով իշխող ուժը, մասնավորապես Սերժ Սարգսյանը կփորձեն խուսափել հնարավոր ֆորսմաժորներից: Մինչև նոր համակարգը կկայանա, Սերժ Սարգսյանը կշարունակի լինել նախագահ, իր անմիջական ենթակայության տակ կունենա ոստիկանությունն ու բանակը, որոնք էլ հնարավոր ֆորսմաժորների դեպքում կլինեն հակազդեցության հիմնական գործիքները: Չգիտեմ՝ Սարգսյանը վստահ է, թե ոչ իր վերարտադրության հարցում, բայց այս պահին նա արել է հնարավոր ամեն ինչ, որ դա տեղի ունենա:

-Հայաստանի համար ի՞նչ կնշանակի ՀՀԿ-ի հաղթանակի ազդարարումն ապրիլի 3-ին:

-Կնշանակի, որ չնայած հասարակական դժգոհությանը, վստահության դեֆիցիտին, Հանրապետականը, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, կարողանում է իրավիճակին համահունչ լինել, ունի կառուցվածքային ամբողջականություն: Կնշանակի, որ չնայած ձախողելով բազմաթիվ ոլորտներ՝ նա առայժմ քաղաքական դաշտում չունի մրցակից, որը գոնե տեսանելի ապագայում վտանգ կսպառնա նրան: Եթե այսօրվա վարկանիշով ու ցուցանիշներով հանդերձ ՀՀԿ-ն հաղթելու է, ուրեմն քաղաքական մյուս ուժերն ինչ-որ բան սխալ են արել, չեն կարողացել հանրային դժգոհության հետ այնպես աշխատել, որպեսզի ՀՀԿ-ն ձախողվի:

Կունենանք ընդդիմադիր դաշտի վակուում, դժգոհությունը կմնա օդից կախված: Իսկ նման իրավիճակում ավանդական երկու սցենար կա՝ կամ սոցիալական բունտ, կամ որ ավելի հավանական է ու ըստ էության դարձել է հայաստանցիների սոցիալական բունտի հիմնական դրսևորումը՝ արտագաղթ:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝