Պետբյուջեից տոննաներով սնունդ, հագուստ եւ վառելիք հայրենի ԱԱԾ-ականներին

aac

Պետական կառավարման մարմինների գնումների պլանը մի շարք ուշագրավ մանրամասներ է բացահայտում, թե ինչպիսի անհասկանալի ծախսեր են անում պետական տարբեր օղակներ, բյուջեի միջոցները վատնում տարբեր գնումների վրա, որոնք ներկայացնելիս ավելի լավ կլիներ հանրությանը ներկայացնեին նաև բացատրություն, թե ինչ հիմնավորմամբ են նպատակահարմար գտել նման պլան կազմել:

Անդրադառնանք ՀՀ ԱԱԾ ներկայացրած մեծածավալ պետական գնումների պլանին:

ԱԱԾ-ն գնումների պլանի մեջ ներառել է նաեւ ապրանքներ, որոնք կիրառելի են անասնապահության մեջ

Եվ այսպես. ԱԱԾ-ականները 2017 թվականի համար նախատեսում են գնել 40.000 կգ գարի, 4075 կգ չոր կեր, 8500 կգ վարսակի փաթիլներ, 105 կգ քարաղ, 7000 կգ տավարի ոսկրոտ միս, 22.000 կգ խոտաբույսեր, 2500 կգ ընտանի կենդանիների կեր, 2 տոննա ծղոտ:

Տաք ձմեռ – 2017

2017 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների ցանկում ԱԱԾ-ն ներառել է 250 խմ վառելիքի համար նախատեսված փայտ, որի համար ծախսը կազմում է 4 մլն 500 հազար դրամ, 100 տոննա ածուխ  (12 մլն դրամ):

Հագուստ՝ ԱԱԾ-ի համար

220 մարտական համազգեստ է ներառվել գնումների պլանում (ավելի քան 5 մլն դրամ), կոշիկի փայլեցման համար 200 կգ քսուք (160 հազար դրամ), 6000 ներքնաշապիկ (3 մլն դրամ), 170 գլխարկ, ավելի քան 3000 մարտական համազգեստ (տարբեր գների), 5200 կիսավարտիք (1 մլն 924 հազար դրամ), 2600 զգեստ (7 մլն 800 հազար դրամ. կոնկրետ նշված չէ՝ ինչ զգեստի մասին է խոսքը), 1460 վերնաշապիկ, 60 մարտական համազգեստ, 8000 գուլպա (շուրջ 4 մլն դրամ), 370 կիսավերարկու (11 մլն դրամ), 700 քնապարկ (6 մլն 160 հազար դրամ), 1170 ձեռնոց (2 մլն 574 հազար դրամ), 400 ամենօրյա կոշկեղեն (միավորի գինը՝ 7350 դրամ), 1130 կիսաճտքավոր կոշիկներ (միավորի գինը՝ 16.000 դրամ), 740 հողաթափ (միավորի գինը՝ 1000 դրամ), 1400 սավան (2 մլն դրամ), 220 անջրանցիկ թիկնոց (2 մլն 860 հազար), 100 մարզական կոշիկ (1 մլն դրամ) և այլն…

ԱԱԾ-ում սնունդը բազմազան է

ԱԱԾ-ի սննդի գնումները մեկ անգամ չէ, որ հայտնվել են ուշադրության կենտրոնում: Նախորդ տարի էր, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները կասկածներ հայտնեցին, որ ծառայությունն անարդյունավետ գնումներ է իրականացրել։

Եվ այսպես, 2017 թվականին գնումների պլանում ԱԱԾ-ն ներառել է 33 տոննա մատնաքաշ հաց (9 մլն դրամ), 160 կգ մանդարին, 142.560 ձու (8 մլն 553 հազար 600 դրամ), շուրջ 6 տոննա պտղաշաքարի օշարակ (2 մլն 443 հազար դրամ), 140 տոննա կարտոֆիլ (21 մլն դրամ), 600 լիտր զովացուցիչ ըմպելիք, 24 տոննա շաքարավազ (շուրջ 10 մլն դրամ), 5400 կգ ապխտած երշիկ (9 մլն դրամ), 6 տոննա հաճարաձավար (2 մլն դրամ), 6 տոննա ցորենաձավար (1 մլն 800 հազար դրամ), 80 կգ մանանեխի փոշի (136 հազար դրամ), 15 տոննա մակարոն (4 մլն դրամ), 9 տոննա կերակրի աղ (1 մլն 350 հազար դրամ), 135 տոննա 1-ին տեսակի ցորենի ալյուր (25 մլն դրամ), 8 տոննա սերուցքային կարագ (21 մլն), 5 տոննա քաղցր թխվածքաբլիթներ (3 մլն դրամ), 37 տոննա տավարի մսի պահածո (52 մլն դրամ), 8000 լիտր արևածաղկի ձեթ (5 մլն դրամ), 8,5 տոննա հնդկաձավար (շուրջ 5 մլն դրամ), 700 կգ սխտոր, 4000 կգ տեղական ջեմ (2,5 մլն դրամ), շուրջ 5 տոննա ներմուծված մարգարին (շուրջ 4 մլն դրամ), 1765 կգ բնական մեղր (5 մլն դրամ), 23 տոննա ձկան պահածո տոմատի սոուսով (շուրջ 20 մլն դրամ), 14 տոննա խտացրած կաթ (11 մլն 200 հազար դրամ), 8 տոննա բրինձ (3 մլն դրամ) և այլն…

ԱԱԾ-ն պատվիրել է նաև 35 լիտր կոնյակ՝ 10 տարի հնեցմամբ (840 հազար դրամ), 50 լիտր կոնյակ՝ 20 տարի հնեցմամբ (3 մլն դրամ):

Ի տարբերություն բանակում ծառայող զինվորների, ԱԱԾ ծառայողներին թույլատրվում է ծխել: Գնումների ցանկում ներառված է 234. 980 տուփ ծխախոտ՝ առանց ֆիլտրի (շուրջ 28 մլն դրամ):

Երբ ԱԱԾ գնումները հայտնվեցին ուշադրության կենտրոնում, այս կառույցից հավաստիացրեցին, թե ամբողջ սնունդը նախատեսված է սահմանապահ զորքերի համար: Այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու պետք է ՊՆ գնումների ցանկում ներառված չլինեն այն սննդամթերքները, որոնք ներառել է ԱԱԾ-ն՝ սահմանապահ զորքերի համար: Ինչպե՞ս է բացատրվում այս տարբերակումը: Օրինակ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն օրերս բարձրաձայնեց.

«Սկզբունքորեն կողմ եմ բանակում առողջ ապրելակերպին, սակայն կողմ չեմ հատվածավորված լուծման տարբերակներին։ Ըստ այդմ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է ԱԱԾ-ն տոննաներով մեղր ուտի, երբ ավելի նվազ վտանգավոր պայմաններում է գործում, իսկ սահման պաշտպանող զինվորը՝ ոչ։ Առաջարկում եմ մեղրը ևս ներառել բանակի զինվորներին տրվող օրապահիկում, իսկ ԱԱԾ-ից այն իսպառ վերացնել»:

Հավելենք, որ այս տարբերակված մոտեցումն ակնհայտ է ոչ միայն մեղրի պարագայում:

ԱԱԾ-ականները խիստ մաքրասեր են

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը 2017 թվականի պետական միջոցների հաշվին բավականին խոշոր միջոցներ է տրամադրելու լվացող-մաքրող միջոցներին:

10 լիտր մաքրող նյութեր (33 հազար դրամ), 700 կգ լվացքի փոշի՝ ձեռքով լվանալու համար (385 հազար դրամ), 900 հատ մաքրող նյութեր (560 հազար դրամ), 1100 հատ լվացող նյութեր (785 հազար դրամ), 400 կգ լվացքի փոշի-ավտոմատ (240 հազար դրամ), 226 տուփ լվացքի փոշի ձեռքով լվանալու համար (124 հազար դրամ), 50 հատ կահույքի փայլեցման նյութեր (57 հազար դրամ), ևս 700 լվացքի փոշի ձեռքով լվանալու համար (168 հազար դրամ), 1 տոննա հեղուկ լվացող միջոց (380 հազար դրամ), 150 կգ մաքրող նյութեր (97 հազար դրամ), 900 կգ ձեռքի օճառ (720 հազար դրամ), 400 հատ մաքրող կտոր (170 հազար դրամ), 400 ավել (280 հազար դրամ), 50 ավել գոգաթիակի հետ՝ պլաստմասե (20 հազար դրամ), 199 աման լվալու սպունգ և այլն:

ԱԱԾ-ում նախընտրում են թանկարժեք ծաղկային կոմպոզիցիաներ

Ներկայացնենք ևս մեկ ուշագրավ գնում՝ 1 մլն 285 հազար դրամ մեկ ծաղկային կոմպոզիցիայի համար:

Շարքը կարելի է երկար շարունակել…

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝