Ո՞ւմ պատվերն է կատարում Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ հասարակության

102613

ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին գործող համակարգից առանձնացնելու հստակ միտում է նկատվում: Ոմանք դա անում են միտումնավոր, իսկ մյուսներն էլ՝ անկեղծորեն՝ մտածելով, որ Կարեն Կարապետյանն իշխանական գաղջ բուրգի մեջ «գաղջը ցրող դրական լույս է»:

Հետևաբար պետք է խանգարել կամ աջակցել Կարեն Կարապետյանին, որպեսզի նա ցրի գաղջը:

Իհարկե, համատարած վատատեսության ու «դիլխոր» մթնոլորտի մեջ  դրական տեղաշարժերը տեսնելու կամ առնվազն դրանց գոյությանը հավատալու, դրական ակնկալիքներ ունենալու մեծ ցանկություն կա:

Սակայն մյուս կողմից պետք է իրատեսական հաշվարկ կատարվի, թե ինչքանով են հիմնավոր լավատեսական սպասումները, որպեսզի որոշ ժաանակ անց լավատեսական սպասումներ ունեցող քաղաքացիները չհայտնվեն էմոցիոնալ շոկի ու ապատիայի մեջ՝ տեսնելով, թե ինչպես են փլուզվում պատրանքները: Անհրաժեշտ է իրավիճակի օբյեկտիվ գնահատական:

Կարեն Կարապետյան վարչապետի քաղաքական էֆեկտը շատ նման է 2008թ. վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակման էֆեկտին:

Խիստ վիճահարույց նախագահական ընտրություններից և Մարտի 1-ի ոճրագործությունից հետո առաջացած քաղաքական ճգնաժամի ու բացասական սպասումների ֆոնին Կենտրոնական բանկի նախկին նախագահ, խելացի ու կիրթ մասնագետի համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելն առաջացրեց որոշակի դրական ակնկալիքներ: Նույնիսկ ընդդիմադիրները ողջունեցին Տիգրան Սարգսյանի նշանակումն՝ ակնկալելով տնտեսական արմատական ռեֆորմներ և իշխանական դեմքի փոփոխություն:

Այն ժամանակ ևս հնչում էին կոչեր՝ «չխանգարել Տիգրան Սարգսյանին, թողնել, որ նա գործ անի»:

Կարճ ժամանակ անց մի քանի թատերականացված ներկայացումներից հետո (օրինակ՝ կառավարության նիստերը պարբերաբար մարզկենտրոններում գումարելը) ակնհայտ դարձավ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը պարզապես սպասարկում է Սերժ Սարգսյանի վարչակարգին: Նրա հիմնական մտահոգությունը ոչ թե տնտեսության զարգացումն ու քաղաքացիների բարեկեցությունն էր, այլ իշխող վերնախավի և օլիգարխիայի շահերի պաշտպանությունը: Համակարգի կողմից նշանակված և համակարգի ներսում գործող առանձին վերցրած անհատն ինչքան էլ գրագետ ու կիրթ լինի, դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ անձի շնորհիվ այդ համակարգն առողջանում է: Պարզապես նրանք ավելի գրագետ ու կիրթ են ծառայում վարչակարգին:

Տիգրան Սարգսյանին հաջորդած Հովիկ Աբրահամյանը թեև գրագիտությամբ զիջում էր Տիգրան Սարգսյանին, սակայն թատերական բեմադրության սցենարը նույնն էր: Հայտարարվեց, որ նոր կառավարությունը պայքարելու է կաշառակերության ու ստվերի դեմ: Սակայն պարզվեց, որ հայտարարություններից այն կողմ գործն առաջ չի գնում:

Հայաստանում ձևավորված իշխանական համակարգը բովանդակային առումով մնում է նույնը, փոխվում են նրա գործակալներն այս կամ այն պաշտոնում: Հովիկ Աբրահամյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, կրկին հասարակության շրջանում նորանշանակ վարչապետից որոշակի դրական սպասումներ ձևավորվեցին:

Տևական լճացման, ձախողումների ու համատարած ապատիայի պայմաններում բնակչության մոտ դրական տեղաշարժերի կարիք է առաջանում: Իսկ Կարեն Կարապետյանն այն իդեալական ֆիգուրն է, որը կարող է արհեստածին դրական սպասումներ առաջացնել՝ կիրթ, բարետես, ով այդքան էլ չի ասոցացվում Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ կլանի հետ: Առանց հիմքերի դրական սպասումներ ձևավորելու ժամանակահատվածը խիստ սահմանափակ է ու վտանգավոր, այդ սպասումները պետք է գործով հիմնավորվեն: Սակայն ինչքան ժամանակն առաջ է գնում, այդքան ակնհայտ է դառնում, որ Կարեն Կարապետյանը, դառնալով վարչակարգի կարևորագույն պտուտակներից մեկը, պարզապես ի վիճակի չէ խոսքից գործի անցնելու. համակարգը նրան այդպիսի պատվեր չի տվել: Իսկ արդյո՞ք Կարեն Կարապետյանը ցանկանում է կամ կարող է հակադրվել համակարգին ու արհամարհել նրա պատվերները. հազի՛վ թե, նրա գործողություններից ու քայլերից այդպիսի տպավորություն չի ստեղծվում: Կոսմետիկ ու ավելի շատ ինքնագովազդային քայլերը չեն հաշվվում, դրանք շատ արագ պայթում են, ինչպես պայթեց շուկայում մենաշնորհի վերացման քայլ ներկայացվող բենզինի գների իջեցման փուչիկը:

Դերենիկ Մալխասյան

«Պոլիտիկա» կենտրոնի նախագահ

Դիտվել է՝