Ի՞նչ ճակատագիր է սպասվում դասալիքներին. Հովիկ Աբրահամյանի ոդիսականը

B20EE3F0-1DB0-4586-8A56-3BF814D00255_cx0_cy51_cw0_w987_r1_s_r1

Հունվարի 26-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հանրապետականների առաջնորդ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձը Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցության շարքերը լքելուն եւ դրանից հետո Հովիկ Աբրահամյանի անսպասելի կտրուկ պատասխանն իր նախկին առաջնորդին զարգացրել է մի գործընթաց, որը կավարտվի կողմերից մեկի կա՛մ լիակատար ջախջախմամբ, կա՛մ որպես քաղաքական գործոնի վերացմամբ:

Շատ մեծ է հավանականությունը, որ «ցամաքած առվակի» կարգավիճակում հայտնվելու է երբեմնի կարկառուն նժդեհական Հովիկ Աբրահամյանը: Սերժ Սարգսյանը, որը տնօրինում  է պետության բոլոր պատժիչ լծակները, պարզապես պարտավոր է «ցամաքեցնել» Հովիկ Աբրահամյանի առվակը: Հակառակ դեպքում իշխանական բուրգը, որը կառուցված է եւ կառավարվում է հանցագործ  կազմակերպություններին յուրահատուկ ոգով ու ոճով, կարող է սխալ հասկանալ Սերժ Սարգսյանին: ՀՀԿ լիդերի հեղինակությունը կասկածի տակ առնելը, կլանի նախկին անդամի հակադարձումն  ու անպատիժ մնալը կարող է ապակայունացնող լուրջ գործընթացներ հրահրել բուրգի ներսում: Բնականաբար այդպիսի գործընթացները կվտանգեն իշխանական բուրգի միատարրությունն ու Սերժ Սարգսյանի՝ որպես լիդերի հեղինակությունն ընտրություններից առաջ:

Այն, որ Հայաստանում ձեւավորված ավտորիտար իշխանական համակարգը բավականին դաժան է վարվում դասալիքների հետ, նորություն չէ, ու բազմաթիվ օրինակներ կան: Օրինակ՝ 2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, երբ սկսվեցին իշխանական բուրգի մասնակի փլուզումներ, երբ բարձրաստիճան չինովնիկներն ու որոշ օլիգարխներ, լքելով իշխանական համակարգը, միանում էին ընտրությունների արդյունքները վիճարկող «Համաժողովրդական շարժման» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, այդ ժամանակ  իշխանությանը հաջողվեց փլուզումը կանխել ոչ միայն հարկային, իրավապահ եւ այլ ուժային մարմինների ակտիվ օգտագործման շնորհիվ, այլեւ նույնիսկ պարզ ֆիզիկական ծեծի միջոցով: Ի դեպ, հենց նույն Հովիկ Աբրահամյանն ակտիվորեն ներգրավված է եղել այդ «դաստիարակչական աշխատանքներին» ու հիանալի պատկերացնում է, թե ինչպես է աշխատում այդ «դաստիարակչական» մեքենան:

Իշխանական կլանից դուրս եկողներին եւ այդ կլանի դեմ աշխատողներին չեն ներում: Նրանք չեն էլ կարող ներում ստանալ՝ կա՛մ պետք է ցամաքեն, կա՛մ շարունակեն ծառայություններ մատուցել այդ կլանին: Այժմ առաջին փուլն է, երբ  ինֆորմացիոն նախազգուշական «կրակոցներ» են հնչում, որտեղ հստակ ասվում է, թե ինչ է սպասվելու: Օրինակ՝ Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները սկսում են տարածել, որ Հովիկ Աբրահամյանի այն մտերիմներն ու բարեկամները, ովքեր պաշտոններ ունեն, պաշտոնանկ են արվելու: Եթե այդ մեսիջը լավ չեն ընկալում ու ինքնակամ հրաժարական չեն տալիս, ապա վերադասի կողմից են ազատվում աշխատանքից:

Եթե  «դաստիարակվող» օբյեկտը շարունակում է դիմադրել, այդ դեպքում գործի են դրվում հարկային ու իրավապահ մարմինները: Իշխանության մեջ գտնվելու ժամանակ պետական ծառայություն ու բիզնես գործունեություն իրականացնելու ընթացքում տվյալ օբյեկտն իր հեռու-մոտիկ մերձավորներով մինչեւ կոկորդները թաղված են լինում կոռուպցիայի ու այլ հանցագործությունների մեջ: Համապատասխան մարմինները, բնականաբար, տեղեկացված են լինում օբյեկտի «չարաճճիությունների» մասին, սակայն լռում ու հարստացնում են կոմպրոմատների տրցակը:

Երկրորդ փուլում հարկային մարմինները ստուգողական այցեր  են կատարում տվյալ օբյեկտին պատկանող ձեռնարկություններում, ինչը կարող է ավարտվել մի քանի միլիոն դոլարի հասնող հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ ակտով: Իսկ մյուս կողմից ոստիկանություն են հրավիրվում տվյալ օբյեկտի մերձավոր շրջապատի աչքի ընկնող դեմքերը՝ բացատրական աշխատանքների համար: Եթե լավ չեն հասկանում, մի քանի օր պահվում են մեկուսարանում, կամ էլ հարուցվում են քրեական գործեր. կոմպրոմատների տրցակն այդպես վարվելու լայն հնարավորություններ է տալիս: Սովորաբար այդպիսի միջոցառումներից հետո օբյեկտը «սանձվում է»՝ անցնելով ընդհատակ ու իր ռեսուրսները լուռ ծառայեցնելով վարչակարգին:

Հովիկ Աբրահամյանի նման դասալիքները մեծ ցանկության դեպքում անգամ իրենց նախկին առաջնորդի դեմ լուրջ պայքարի մեջ մտնել չեն կարող: Նրանք առավելագույնը կարող են իշխանության մեջ լինելով հանդերձ ծայրագույն պահին դավաճանել առաջնորդին, սակայն իշխանությունից դուրս իշխանության դեմ պայքարելը նրանց համար քաղաքական ինքնասպանություն կլինի՝ համեմված ունեզրկումով: Այն, որ Հովիկ Աբրահամյանը կամ մյուսները, որոնք դուրս են գալիս բուրգից, մեծ ֆինանսական ռեսուրսների են տիրապետում, ոչինչ չի նշանակում: Երբ այդ ռեսուրսները ձեռք են բերվում կոռումպացված համակարգի պայմաններում, ապա ռեսուրսների կուտակման իրավունք տված պետական կուռումպացված համակարգն այդ ռեսուրսները խլելու մոնոպոլ իրավունք ունի՝ պատժելով ժամանակավոր սեփականատիրոջը:

Դերենիկ Մալխասյան

«Պոլիտիկա» կենտրոնի նախագահ

Դիտվել է՝