«Ի՞նչ ընտրության մասին է խոսքը, ովքեր կեղծում են, նրանք էլ գծում են, ընդամենն այնպես պետք է գծեն, որպեսզի վայնասունը շատ մեծ չլինի»

dav0784_copy

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Սարո Սարոյանը:

-Պարոն Սարոյան, համապետական ընտրություններին ընդառաջ ձևավորվեց ՔՊ -ԼՀ – «Հանրապետություն» ընդդիմադիր դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունն էլ տարբեր ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների մեջ է, այսօր էլ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական, մասնավորապես ընտրական գործընթացներին: Ինչպիսի՞ն է այս ամենի հետ կապված Ձեր դիրքորոշումն ու գնահատականը:

-Ռեժիմի ներսում կա որոշակի խլրտոց Սեյրան Օհանյանի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ Ս. Սարգսյանը մեծ հաշվով շատ հանգիստ է ապրիլյան ընտրություններն իր ուզած կոնֆիգուրացիայի բերելու առումով, իսկ ինչ որ կատարվում է, այդ ներքին խլրտոցները, կա, ասենք, դժգոհություն որոշակի շրջանակների մոտ՝ ներվարչախմբային, և իրենք փորձում են իրենց դրսևորել և դրա արդյունքում ինչ-որ այլ շահաբաժիններ ստանալ, սա է կատարվում, ուրիշ բան չկա:

-Այս ընթացքում շատ խոսվեց այն մասին, որ ընտրություններն ընթանալու են ազատ մրցակցային դաշտում: Եղան նաև հայտարարություններ, որ եթե ընդդիմադիր բոլոր ուժերը համախմբվեն ու մեկ միասնական ճակատով մասնակցեն ընտրություններին, ապա հնարավոր կլինի կանխել ներկայիս իշխանությունների վերարտադրությունը:

Սարո Սարոյան

Սարո Սարոյան

– Եթե ընտրությունները կեղծվում են, ու այդ կեղծողներին պատժող չկա, ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել, ո՞վ է ասել, որ կա մրցակից, ով որ ասում է՝ կա մրցակից, խաբում է հանրությանը, եթե ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամարտահայտությունը, ի՞նչ ընտրության մասին է խոսքը, ովքեր կեղծում են, նրանք էլ գծում են, ընդամենն այնպես պետք է գծեն, որպեսզի վայնասունը շատ մեծ չլինի, և դրա համար պետք է որոշակի տեղեր հատկացնեն վայնասուն բարձրացնողներին, բայց այդ վայնասուն բարձրացնողներն այն շրջանակները չեն, որոնք կարող են դեմն առնել կեղծիքների, իրենց պատժեն և այլն, սա է կատարվում այս երկրում: Այդ բոլոր համախմբումները, դրանք նույնպես կեղծիքներ են, ի՞նչ համախմբման մասին է խոսքը, ինչի՞ շուրջ համախմբվեն, համախմբվեն, որ կեղծվող ընտրություններին մասնակցե՞ն, իմաստը ո՞րն է: Նախորդ ընտրությունները կեղծվել են, համախմբումներ են եղել մինչ ընտրությունները, հետընտրական բաներ են եղել, իմաստը ո՞րն է, քանի որ խնդիրը սխալ է ձևակերպվում իրենց կողմից, բոլորի համար խնդիրն իշխանափոխությունն է, էդպես ոչնչի երբեք չեն հասել ու չեն հասնի, այդ ամենը կեղծիք է, իրենք էլ գիտեն, որ ոչնչի չեն հասնելու, ընդամենը մի քանի մանդատների տիրանալու խնդիր է դրված իրենց առաջ, իրենք իրենց առաջ այդ խնդիրն են դրել:

-Այսինքն, Ձեր գնահատմամբ, ՀՀԿ-ն ապահովել է իր վերարտադրությունն, ու այս ընտրություններին մասնակցելն ուղղակի անիմա՞ստ է:

-Վարչախումբը խնդիր ունի ընդամենն այնպես անցկացնել ընտրական գործընթացները, որ վայնասուն բարձրացնող անձանց շրջանակները քիչ լինեն, որպեսզի համոզի ինչ-որ շրջանակների արտաքին, որ մեր երկրում ընտրական գործընթացները համապատասխանում են ինչ-որ չափանիշների, ընդամենը սա է: Ինչու մենք Արթուր Բաղդասարյան չե՞նք տեսել, նման կարգի բաներ չե՞նք տեսել, որ կոալիցիա են կազմել, հետո դուրս են եկել, հետո նորից կոալիցիա են կազմել, Դաշնակցություն չե՞նք տեսել, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ տարբերություն: Ընդամենը այն տարբերությամբ, որ, ասենք, նույն քայլերն անող մարդիկ եղել են միայն քաղաքական գործիչներ, այսինքն պաշտպանության նախարար կամ ռազմական բնագավառի ղեկավար չեն եղել, դրանով նայենք: Նույն բանը եղել է, որ վարչախմբի ներսում եղած ինչ-որ շրջանակներ դուրս են եկել, հետո միացել են, ներքին խլրտոցներ են, հանրությանն ի՞նչ օգուտ դրանից: Ես զարմանում եմ, որ այդքան տարի հետո ինչ-որ ակնկալիքներ կարող են ծագել մարդկանց մոտ:

-Այս ամենը քաջ գիտակցելով հանդերձ հասարակությունը հույսեր է կապում նույն այդ քաղաքական ուժերի ու քաղաքական գործիչների հետ, ովքեր ժամանակ առ ժամանակ ՀՀԿ-ի հետ կոալիցիա են ձևավորում կամ համագործակցում իշխանությունների հետ, հետո դարձյալ վերադառնում ընդդիմադիր դաշտ:

-Ես զարմանում եմ ժողովրդի վրա, քանի որ զարմանալու բան է, ժողովրդական խոսք կա նույն փոսը երկրորդ անգամ ընկնելու հետ կապված, հիմա եթե ժողովուրդն ուզում է երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ փոսն ընկնել, թող ընկնի, ինչ ասեմ: Եթե ուզում են հույս կապել, թող կապեն, եթե ուզում են հույսով ապրել, թող ապրեն, բայց այս երկրում հույսով չեն կարող իրենց առջև ծառացած խնդիրները լուծել, մարդիկ պետք է գործ անեն, եթե չեն ուզում գործ անել, այլ հույսով ապրել, թող ապրեն, մարդը խնդիրը հույսով չի լուծում, այլ կոնկրետ գործողությամբ ու կոնկրետ նպատակաուղղված ճանապարհ անցնելով, քայլեր ձեռնարկելով, եթե չեն ուզում քայլեր ձեռնարկել, իրենք գիտեն: Եթե պետք է տունը նստած հույս կապեն, որ այս ներքին խլրտոցից կարող է իրենց ինչ-որ օգուտ գալ, թող այդպես էլ խոր ծերության հասնեն ոչինչ չունենալով:

-Պարոն Սարոյան, ՀՀԿ համագումարի ժամանակ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ եթե ՀՀԿ-ն ստանա ժողովրդի վստահության քվեն ու մեծամասնություն կազմի ԱԺ-ում, ապա վարչապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Կարեն Կարապետյանը: Սա արդյոք նշանակում է, որ 2018-ից հետո Ս. Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու:

-Ընդամենը կարող եմ ենթադրել, որ Կ. Կարապետյանի վարչապետ մնալու հավանականությունն այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, բայց թե ինչ կլինի, ո՞վ կարող է ասել: Կարող է ինչ-որ մի ուժ գա բոլորին սրբի տանի, հիմա ինչ գուշակենք, թե Ս. Սարգսյանը կլինի, թե Կարեն Կարապետյանը, թե չգիտեմ վարչախմբից ով: Այսօրվա դրությամբ միայն կարող եմ պատկերացում կազմել, որ Կարեն Կարապետյանը ժառանգորդն է ներկա վարչախմբի, վարչախմբի ներսում ձևավորված այն բևեռն է, որը պետք է ժառանգի Ս. Սարգսյանի գլխավորած ռեժիմը: Բայց ես գնահատական տալիս եմ այսօրվա ուժերի հարաբերակցությունից ելնելով, այսօրվա քաղաքական գործընթացներից ելնելով, բայց ով կպատկերացներ, որ ապրիլյան պատերազմ կլիներ, կամ հետո Սասնա ծռեր կլինեին, դրանք կանխատեսելի չեն, դրանք գործընթացներ են, որոնք եղած կոնֆիգուրացիաները փոխում են միանգամից: Այնպես որ, այսօրվա տեսլականով եթե շարժվենք, այդպես կլինի, եթե ժողովուրդը ոտքը ոտքին է գցելու, պառկի ու սպասի, որ ինչ-որ մեկը կգա ու իրեն կփրկի, պարզ է, որ վարչախմբի ներսում իսկապես իրար մեջ շահաբաժիններ փախցնող տանողներն ու շահաբաժնի համար պայքար մղողները պաշտոնների կտիրանան, պաշտոններ իրար կփոխանցեն և այլն:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Դիտվել է՝